Մատչելիության հղումներ

ԱԱԾ փոխտնօրեն․ Գողության մասին վարչապետի հայտարարության առնչությամբ «միջոցառումներ են իրականացվում»


Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի ժամանակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության սեպտեմբերի 22-ի նիստի ժամանակ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) փոխտնօրեն Արզուման Հարությունյանի խոսքով` համապատասխան միջոցառումներ են իրականացվում վարչապետ Կարեն Կարապետյանի աղմկահարույց հայտարարության կապակցությամբ, թե կառավարությունում «պրիմիտիվ գողություն» է տեղի ունեցել:

Սակայն այսօր «Ազատության» հարցերին ի պատասխան Հարությունյանը, ով, ըստ մամուլի, խնամիական հարաբերություններ ունի վարչապետի հետ, չմանրամասնեց, թե ինչ «համապատասխան միջոցառումների» մասին է խոսքը:

«Անցած նիստին վարչապետը խոսեց կառավարությունում գողության մասին, ինչո՞ւ իրավապահներից ոչ ոք չարձագանքեց», - «Ազատության» այս հարցին ԱԱԾ փոխտնօրենը պատասխանեց․ - «Ես կամենտարիաներ չունեմ»: Դիտարկմանն էլ՝ «բայց վարչապետը հայտարարեց, պետք է գոնե ինչ-որ քննություն սկսվի», նա արձագանքեց․ - «Համապատասխան միջոցառումներ իրականացվում են»:

Գործադիրի նախորդ նիստում էր, երբ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց պետական մարմինների համար ավիատոմսերի ձեռքբերման էլեկտրոնային համակարգը, ինչից հետո վարչապետ Կարապետյանը կտրուկ հայտարարություն արեց՝ խոսելով կառավարությունում տեղ գտած գողության մասին․ - «Բավականին բարդ համակարգ է, թե ինչին է ուղղված՝ բոլորդ հասկանում եք: Այդ իսկ պատճառով, հանձնարարական․ մենք բավականին բարդ մեխանիզմներ ենք ընտրելու, որպեսզի պրիմիտիվ գողությունը վերացնենք․․․ պրիմիտիվ գողությունը վերացնենք: Ձեր համակարգերում էդ ամեն ինչը բերեք կարգի: Տոմսի վրայի․․․ ինձ որ պատմում են ինչ սխեմաներ են անում, ուղղակի ֆանտազիայի վրա, եթե էդ մարդիկ էդ խելքը օգտագործեին մեկ այլ տեղ, հաստատ էֆեկտը շատ ավելի լավ կլիներ»:

Ուշագրավ է, որ նման կոշտ հայտարարությունից հետո կառավարության որևէ անդամ չարձագանքեց, լուռ էին նաև նիստին ներկա իրավապահ բոլոր մարմինների ղեկավարները:

Փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանից նույնպես այսօր հետաքրքրվեցինք՝ կառավարության նախորդ նիստին ներկա ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ինչո՞ւ չարձագանքեց: «Չեմ կարող ասել դա», - պատասխանեց Եղիազարյանը, հարցին էլ՝ «բայց պե՞տք է գործ հարուցվի, հետաքննություն սկսվի», նա չարձագանքեց և լուռ հեռացավ:

Է՛լ ավելի տպավորիչ էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, նախկին գլխավոր դատախազ Արամ Թամազյանի պատասխանը: Թե ինչու իրավապահ մարմինների ղեկավարները չեն արձագանքել գողության մասին վարչապետի հայտարարությանը, պաշտոնյան այսօր խորհուրդ տվեց հարցնել հենց այդ ղեկավարներին․ - «Ես ներկա չեմ եղել, ներկա չեմ եղել, իրավապահ մարմինների ղեկավարներին հարցրեք»: «Լավ, բայց Դուք էլ եք իրավապահ մարմիններից մեկի ղեկավարներից», - «Ազատության» այս դիտարկմանը Թամազյանը հակադարձեց․ - «Խանգարում եք, ուշանում եմ նիստից»

Սակայն կառավարության նիստից հետո Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը, այնուամենայնիվ, որոշեց ավելի բովանդակալից պատասխանել մեր հարցերին: «Ես չգիտեմ՝ ով է արձագանքել, ով չի արձագանքել, մենք նյութեր չենք ստացել, Քննչական կոմիտեն համապատասխան նյութեր ստանալու դեպքում անպայման հետևողականորեն կլուծեի դրանց ընթացքը», - ասաց Արամ Թամազյանը:

«Վարչապետի հայտարարությունը բավարար չէ՞ր», - «Ազատության» այս հարցին նա պատասխանեց․ - «Առարկայական մենք նյութեր չենք ստացել և չգիտենք, թե առարկայական խոսքը ինչի մասին է: Էնտեղ խոսք գնաց ընդհանուր առմամբ գողությունների մասին, կարծեմ նաև տոմսերի իրացման հետ կապված, և այլն: Հետևաբար, համապատասխան ծառայությունների կողմից երբ ուսումնասիրություններ, ստուգումներ կարվի և կպարզվի, որ համապատասխան սուբյեկտների գործողություններում կան քրեորեն հետապնդելի հանցագործության հատկանիշների նշավակներ, նյութերը կուղարկեն քննչական մարմիններին, համապատասխան քննչական մարմիններին, որոնք էլ օրենքով սահմանված ժամկետում Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն ընթացք կտան»:

Թե որոնք են համապատասխան մարմինները, որ պետք է ուսումնասիրեն վարչապետի հայտարարությունը, այդ առնչությամբ Արամ Թամազյանը ասաց․ - «Համենայն դեպս, քննչական մարմինը չի ուսումնասիրում, ստուգող մարմիններ կան, հետաքննության մարմիններ կան»: Օրինակներ նշելու «Ազատության» խնդրանքին նա արձագանքեց․ - «Դե օրինակը ո՞րն է, հետաքննության մարմիններ՝ հետաքննության մարմիններ կա Ոստիկանությունում, ստուգող մարմիններ կան կառավարության վերահսկողական ծառայությունում, և էլի տարբեր, հարկային մարմիններ, և այլն, և այլն»:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ իրավական երկրում իրավապահ մարմինները անմիջապես կարձագանքեին երկրի բարձրաստիճան պաշտոնյայի նման հայտարարությանը:

«Բոլորը գիտեն Հայաստանի Հանրապետությունում՝ սկսած վարչապետից, վերջացրած՝ ամենավերջին քաղաքացին, որ Հայաստանում գողանում են՝ հատկապես վերևներում, հատկապես կառավարությունում, և եթե լիներ իրավական պետություն, ապա այդ գողությունը ընդհանրապես գոյություն չէր ունենա, և վարչապետը նման հայտարարություն չէր անի: Քանի որ այն համատարած է՝ էդ գողությունը, բնական է, որ վարչապետի ասածն էլ մնում է օդում», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG