Մատչելիության հղումներ

Միլիարդների հասնող կոռուպցիոն փաստերի բացահայտում «Ռուսական երկաթուղիներ»-ում


«Ազատության» ռուսական ծառայությունը միլիարդների հասնող կոռուպցիայի փաստեր է բացահայտել «Ռուսական երկաթուղիներ»-ում, որին Հայաստանի կառավարությունը 2008-ին 30 տարով հանձնել է Հայաստանի երկաթգիծը՝ կոնցեսիոն կառավարման:

Լրագրողական հետաքննությունը վկայում է՝ ռուսական ընկերությունը անցած մեկ տարում միայն մոտ 90 միլիարդ ռուբլու կամ մեկուկես միլիարդ դոլարի պայմանագր է կնքել՝ ում հետ ցանկացել է՝ առանց մրցույթ հայտարարելու:

Գնումների մասին կարգադրությամբ, մասնավորապես, ռուսական երկաթգծի ղեկավարությունը, թույլատրել է բացառիկ դեպքերում մրցույթներ չանցկացնել։ Ուշագրավ է, սակայն, որ բացատիկ այդ որոշումները կայացնելու իրավունքը տրվել է ոչ միայն ընկերության նախագահին, փոխնախագահին ու մասնաճյուղերի ղեկավարներին, այլև բաժանմունքների ղեկավարներին, այլ կերպ ասած, երկաթգծում աշխատող գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի:

Ռուսական երկաթգիծը կառավարման պատրաստելու ուղղությամբ աշխատանքներ տանելու համար 11 միլիոն ռուբլի է վճարվել մի ընկերության, որի 75 տոկոսը պատկանում է նույն «Ռուսական երկաթուղիներ»-ին։

2013 թվականին օֆշորում գրանցված մի ընկերություն մոտ 12 միլիոն ռուբլի է ստացել՝ ընդամենը էներգետիկայի նախարարությանը անհրաժեշտ փաստաթղթերը պատրաստելու համար: «Ռուսական երկաթուղիներ»-ի պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու սկզբունքով, «Ազատության» ռուսական ծառայությանն ասել է՝ որպես կանոն դրանք ձևական ընկերություններ են եղել, որոնց հետևում միայն գլխավոր տնօրեններ են, առավելագույնը՝ հաշվապահներ, իսկ աշխատանքը ընդհանրապես չի կատարվել:

2014-ին, օրինակ, 41 միլիոն ռուբլու կահույքի պատվեր է տրվել Ростжелдортранс ընկերութանը, որն, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունեցել է ընդամենը հինգ աշխատող:

«Ազատության» ռուսական ծառայության հետաքննությունը պարզել է նաև՝ 2000-ականներից ռուսական երկաթուղիների ղեկավարությունը հետևողականորեն հրաժարվել է ընկերության ներսում մատուցվող ծառայություններից՝ երկաթգծերի, գնացքների, ենթակառուցվածքների նորոգումն ու պահպանումը, անգամ երկարատև ուղևորությունների համար ուղեկցորդների ծառայությունները պատվիրելով այլ ընկերությունների: Ընդ որում, պատվերն իրականացնողները շատ հաճախ իրենց տեխնիկան ու անձնակազմը վարձակալել են նույն ռուսական երկաթուղիներից:

Ի դեպ, անցած տարի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ուսումնասիրությունը փաստել էր, որ Հայաստանում ևս «Ռուսական երկաթուղիներ»-ը աշխատել է չարաշահումներով՝ գնումների համար մրցույթներ կամ չեն անցկացվել, կամ ձևական բնույթ են կրել՝ շատ հաճախ պատվեր են ստացել ավելի բարձր գին ներկայացրած ընկերությունները: Արդյունքում շուրջ հինգ տարի «Ռուսական երկաթուղի»-ն Հայաստանում միլիարդների վնասով էր աշխատում, ինչը փոխհատուցվում էր Հայաստանի հարկատուների հաշվին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG