Մատչելիության հղումներ

ՏՄՊՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) վեցամսյա ուսումնասիրությունից հետո եզրակացրել է, որ Հայաստանում մենաշնորհային դիրք ունեցող «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը չարաշահումներով է աշխատում:

Ներկայացվող 250 միլիոն դոլարի ներդրումներն իրականում ուռճացված են, ծառայությունների ու ապրանքների գնումներն իրականացվում են Հայաստանի օրենսդրության խախտումներով։

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հայկական երկաթուղին ռուսական ներդրումների հաշվին շահագործող ընկերությունը գնումներն իրականացնում է առանց մրցույթների կամ ձևական բնույթ կրող մրցույթներով․ - «Պարզվում է, որ ընկերությունը ինքն է որոշում, թե որ ընկերությունից և ինչ պայմաններով ձեռք բերի ապրանքներ և ծառայություններ: Եթե անգամ ընկերությունը մրցույթներ անցկացնում է, ապա շատ դեպքերում դրանք ձևական բնույթ են կրում, որովհետև այդ մրցույթների արդյունքում մենք դեպքեր ունենք բացահայտված, որ հաղթող է ճանաչվում ավելի բարձր գին ներկայացրած ընկերությունը»:

Դեռ անցած տարի պետական հանձնաժողովը հայտարարել էր, որ ընկերությունն անհիմն կերպով բարձրացրել է բեռնափոխադրումների սակագները, նախազգուշացրել էր ու սկսել ուսումնասիրել ընկերության ներդրումների արդյունավետությունը։ Արդյունքում Շաբոյանի ղեկավարած հանձնաժողովը պարզել է, որ երկաթուղին որպես ներդրում է ներկայացրել նաև վարչատնտեսական, ընթացիկ բնույթի ծախսերը։ Օրինակ՝ տարածքի բարեկարգումն ու կանաչապատումը, իրենց աշխատողների համար նախատեսված վարչական տարածքների վերանորոգումը, մեքենաների համար մարտկոցների ձեռքբերումը և այլն, որոնք, Շաբոյանի խոսքով, «ընթացիկ ծախսեր են համարվում, և դրանք ներդրումներ չեն կարող համարվել»․ - «Այսինքն, տնտեսագիտորեն դրանք ներդրում չեն։ Հետևաբար այդ ընթացիկ ծախսերը ներառելով ներդրումների մեջ՝ ընկերությունն ուռճացնում է ներդրումների կառուցվածքը»։

8 տարի առաջ կառավարության հետ կնքած կոնցեսիոն պայմանագրի համաձայն, «Հարավկովկասյան երկաթուղին» Հայաստանում ավելի քան 570 միլիոն դոլարի ներդրում իրականացնելու պարտավորություն է ստանձնել։ Ընկերությունը պնդում է, թե այսօրվա դրությամբ այդ ներդրումների կեսն արդեն արվել է, բայց միաժամանակ նշում է, որ ռուսական ներդրումների հաշվին գործող ընկերությունը 9 միլիարդ դրամի վնաս է կուտակել։

Աշոտ Շաբոյանը անարդյունավետ է համարում ընկերության ներդրումները և նշում, որ դրանք հաճախ վատ կառավարման արդյունք են․ - «Օրինակ, Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում արտադրամաս է ընկերությունը կառուցել: Մոտ հարյուր միլիոն դրամ ծախսվել է շինարարական աշխատանքների համար, մոտ երեք հարյուր միլիոն դրամի համապատասխան սարքավորումներ են ձեռք բերել, որպեսզի անվազույգերի նորոգումը իրականացվի Հայաստանում: Մինչդեռ ստացվում է, որ արտադրամասը կառուցելուց հետո անվազույգերը կրկին նորոգվում են արտերկրում: Էլի նմանատիպ խնդիրներ են բացահայտվել»:

Իսկ «Հարավկովկասյան երկաթուղու» լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վարդան Ալոյանը զարմանում է․ իրենք ընկերության չարաշահումների մասին մամուլից են տեղեկանում։ Ասում է, որ ռուսական երկաթուղին իր ներդրումների հաշվին կատարված աշխատանքներից երբեք դժգոհ չի եղել․ - «Իրավաբանական կազուս ա: Փողերն ուրիշինն ա: Պարոն Շաբոյանը հետաքրքրվում է, ճիշտ ա անում երևի, բայց մենք․․․ ինչ-որ փաստաթուղթ, որտեղ ասեն՝ ա՛յ ստեղ սխալ ես արել, փոխի՛․․․ Մենք չենք ասել՝ մենք ստացել ենք ու չենք արել։ Մենք էս փաստաթուղթը դեռ չունենք»:

Ինչ վերաբերում է Գյումրիի դեպոյում կառուցված նոր արտադրամասին, ապա Ալոյանի պնդմամբ՝ 2 շաբաթ առաջ են ավարտել շինարարությունը, և այն արդեն պատրաստ է շահագործման։

Սակայն ընկերության ներկայացրած փաստաթղթերում խախտումներ ու չարաշահումներ հայտնաբերած ՏՄՊՊՀ-ի նախագահ Արտակ Շաբոյանի համար այս պատճառաբանությունները հիմնավոր չեն․ բացահայտված փաստերն ուղարկվել են Կապի և տրանսպորտի նախարարություն, ինչպես նաև՝ Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայություն․ - «Չնայած ռեզիդենտ հայկական ընկերություն է, բայց նա հանդիսանում է հարյուր տոկոսով «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը: Մենք այս հարցը նախապես քննարկել ենք մեր ռուս գործընկերների հետ, և մեր ռուս գործընկերները պատրաստակամություն հայտնեցին միջամտել այս հարցին: Այս պահին ես գիտեմ, որ հանդիպումներ են կազմակերպվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարության հետ»:

Մինչդեռ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում, Վարդան Ալոյանի փոխանցմամբ, անհասկանալի են համարում նաև Հայաստանում աշխատող ընկերության գործունեությանը Ռուսաստանի պետական կառույցի միջամտությունը․ - «Եթե օրենք կա, որ ուրիշ երկրի կազմակերպությունը կարա գա, հայկական կազմակերպությունը ստուգի, թող գա ստուգի: Մենք թաքցնելու բան չունենք»:

XS
SM
MD
LG