Մատչելիության հղումներ

Պրիմիտիվ գողության մասին վարչապետի հայտարարությունը «իրավական հետևանք չի ունենա»


Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյան, արխիվ
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Կառավարությունում գողության մասին վարչապետի սկանդալային հայտարարությունը, իրավական հետևանք չի ունենա։ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց՝ վարչապետի խոսքերը քրեական գործ հարուցելու հիմքեր չեն պարունակում։

«Եթե համապատասխան իրավասու պետական մարմինները Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված առիթների և հիմքերի շրջանակներում չեն իրականացնում գործառույթներ, ինքնին դա հանցագործության մասին հաղորդում չէ՝ ֆորմալ իրավական առումով», - ասաց Հովհաննիսյանը։

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց՝ «պրիմիտիվ գողություն» ասելով նորանշանակ վարչապետը նկատի է ունեցել ավիատոմսերի գնումների ընթացակարգը:

Հովհաննիսյանը պնդեց՝ իր ղեկավարած գերատեսչությունը երբևէ նմանօրինակ գործընթացով ավիատոմսեր ձեռք չի բերել: «Մեր նախարարությունը վաղուց իրականացնում է հենց այն քաղաքականությունը, որի մասին խոսվեց. արդարադատության նախարարությունում գնվում են ամենաէժան տոմսերը և նախարարի համար նույնպես երբևէ բիզնես կլասի տոմս, կամ բարձր արժեքով տոմս ձեռք չի բերվել», - հայտարարեց Հովհաննիսյանը։

Հարցին՝ կշարունակի՞ մնալ նախարարի պաշտոնում, թե՞՝ ոչ, Արփինե Հովհաննիսյանն այսօր հրաժարվեց պատասխանել, սակայն, չթաքցրեց՝ նախարարի պաշտոնում մնալու առաջարկ ստացել է: «Ասում եմ, որ եղել է առաջարկ, նշանակումը կլինի, թե՝ ոչ, կտեսնենք» - ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Արփինե Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողով էր եկել օրենսդիրներին ներկայացնելու կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը:

Գրեթե դատարկ դահլիճում Հովհաննիսյանը պնդեց՝ նախարարությունների անվանափոխությունները ցույց են տալիս կառավարության որդեգրած առաջնահերթությունները: Հարցուպատասխանի ժամանակ 131 պատգամավորից դահլիճում ներկա էր ընդամենը 19-ը։ Արտահերթ նիստի մեկնարկին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն ու «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեցին, որ չեն պատրաստվում ներկա լինել քննարկմանը, քանի որ այս պահին ակտիվորեն ներգրավված են Գյումրիի և Վանաձորի նախընտրական քարոզարշավին:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների օրինագիծը արդարադատության նախարարի պաշտոնակատարը արտահերթ նիստով պատգամավորների հետ կքննարկի նաև վաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG