Մատչելիության հղումներ

«Արդարություն Հայաստանում» ստորագրահավաքին մինչ օրս շուրջ 2 հազար 300 մարդ է միացել


Արսինե Խանջյան, արխիվ
Արսինե Խանջյան, արխիվ

Սփյուռքի մի շարք գործիչներ, որոնց թվում են հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, դերասանուհի Արսինե Խանջյանը, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք change.org կայքում՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին փոփոխություններ ձեռնարկել արդարադատության և մարդու իրավունքների ոլորտներում:

«Մենք ասում ենք ոչ համակարգային կոռուպցիային, մոնոպոլիաներին, դատական անհավասարությանը, ոստիկանության բիրտ ուժի կիրառմանը, քաղաքական կողմնակալությանը, իրավական անհավասարությանը, արտագաղթին և կեղծիքներով անցկացվող ընտրություններին, որոնք նպաստել են շարունակական անկարգություններին», - ասված է ստորագրահավաքի տեքստում, որի տակ արդեն ստորագրել է շուրջ 2 հազար 300 մարդ:

Ստորագրահավաքի նախաձեռնողները կոչ են անում իշխանություններին՝ ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ապահովել թափանցիկությունը, օրինականությունը և հայտարարում են, որ մտադիր են ապրիլին ժամանել Հայաստան և հենց տեղում հետևել ընտրությունների ընթացքին։

«Սա քաղաքական նախաձեռնություն չէ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, նախաձեռնողներից և ոչ մեկը կուսակցական չէ, մենք ընդամենն ուզում ենքն որ Հայաստանում հաստատվի ժողովրդավարությունը: Միայն հայաստանցիներն են ընտրողները, մենք ընդամենը ասում ենք, որ հայաստանցի ընտրողների իրավունքները պահպանվեն։ Միակ բանը, որ մենք՝ Սփյուռքի ներկայացուցիչներս կարող ենք անել՝ հետևել, որ այդ ընտրություններն արդար անցնեն և մարդիկ Հայաստանում ընդունեն այդ ընտրությունների արդյունքները», - «Ազատության»-ը ասաց կանադահայ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը:

Մինչդեռ հայաստանյան մի շարք քաղաքական գործիչներ արդեն միացել են այս ստորագրահավաքին. սեպտեմբերի 22-ին ստորագրահավաքին միացել է «Համախմբում» կուսակցության առաջնորդ, Հայաստանի նախկին արտգործնախարար՝ Վարդան Օսկանյանը, իսկ սեպտեմբերի 23-ին՝ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նախաձեռնության հեղինակներն ասում են, որ գաղափարը ծնվել է հուլիսին։ «Ձերբակալությունից հետո հազիվ տուն էի հասել, առաջինը զանգեցի Ատոմին՝ տեղեկացնելու, որ ամեն ինչ նորմալ է, իսկ երկրորդ զանգս՝ Սերժ Թանկյանինն էր՝ ասելու, որ պետք է բոլորս հավաքվենք», - ասաց Արսինե Խանջյանը՝ շարունակելով. - «Երեք ժամերին, որ անցկացրեցի բանտում, մտածեցի, թե ո՞րն է իմ պատասխանատվությունը, ինչո՞ւ եմ այստեղ, ինչո՞ւ եմ ձերբակալված ու ասացի, որ ես էլ եմ մասը կազմում այդ ժողովրդի, և այդ օրն ինչ պատահեց ինձ հետ, ազգի հետ պատահեց»։

«Արդարություն Հայաստանում» միջնորդության տակ արդեն ստորագրել են տասնյակ հայտնի մտավորականներ, իսկ նախաձեռնության հեղինակներն ասում են, որ սա շարունակություն է ունենալու։

«Արսինե Խանջյանը ընտրությունների օրերին լինելու է Հայաստանում, ես էլ կփորձեմ գալ Հայաստան ապրիլին, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ նույնպես գալու են Հայաստան, ներկա են լինելու, փողոցում են լինելու ցույց են տալու, որ հետևում են ընտրություններին, որ սա կարևորագույն հնարավորություն է Հայաստանի համար։ Շատ կարևոր է, որ այս քննարկումները անցնում են ապրիլյան ընտրություններին ընդառաջ», - ասոաց Ատոմ Էգոյանը։

Կանադահայ հայտնի կինոռեժիսորը շեշտեց որ իրենք հեղափոխության կոչ չեն անում. - «Մենք ասում ենք ընդամենը՝ եկեք հարգենք մեր Սահմանադրությունը, որտեղ նշված է, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է»։

Արսինե Խանջյանն էլ հավելեց, որ նախաձեռնողները, որպես Սփյուռքի ներկայացուցիչներ, չունեն քաղաքական նախապատվություններ։ «Սփյուռքը կարող է մասնակից դառնալ գործնական ձևով, այսինքն՝ ֆիզիկապես գալով և ներկա գտնվելով անկախ պայմաններով, առանց որևէ կուսակցության օժանդակության», - ասաց Արսինե Խանջյանը։

Կլինի՞ ապրիլյան ընտրությունների օրերին Սերժ Թանկյանը Հայաստանում, թե՞՝ ոչ, թերևս, կախված կլինի այն բանից, թե ինչ զարգացումներ կստանա այս նախաձեռնությունը:

Սեպտեմբերի 23-ին Սերժ Թանկյանը գրել է, կգա Հայաստան, եթե զգա որ իր ներկայությունը կնպաստի դրական փոփոխությունների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG