Մատչելիության հղումներ

ԱԱԾ. Երեք մարդ է ձերբակալվել շրջանառությունից հանված եվրոները Հայաստանում իրացնել ծրագրելու համար


Հայաստանի ազգային անվտանգության ժառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ ԱԱԾ-ն իր գործառույթներն իրականացնելիս բացահայտել է Հայաստանում մինչ օրս չարձանագրված անդրազգային նոր բնույթի հանցագործություն:

«Իրականացված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի խումբ Հայաստանի քաղաքացիներ, արտերկրում գտնվող իրենց հանցակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, Հայաստան են տեղափոխել ինկասացիոն կամ բանկոմատային անվտանգության նպատակներով օգտագործվող հատուկ ներկերով ներկված և օրինական շրջանառությունից հանված եվրո թղթադրամներ: Հանցավոր խմբի անդամները նպատակ են ունեցել նշված թղթադրամները քիմիական մշակմամբ մաքրել հատուկ ներկանյութից, դրանց հաղորդել հնամաշ տեսք և, քողարկելով օրինական շրջանառությունից հանված լինելու հանգամանքը, խաբեությամբ իրացնել Հայաստանի Հանրապետությունում», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը նշում է, որ ձեռնարկված կանխող և խափանող գործողությունների շնորհիվ «խմբի անդամները չեն կարողացել ավարտին հասցնել իրենց հանցավոր մտադրությունը, իսկ օրինական շրջանառությունից հանված թղթադրամները հայտնաբերվել և առգրավվել են»:

«Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երեք անձ: Իրականացվող նախաքննության ընթացքում միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի ենթադրյալ այլ անդամներին պարզելու, ինչպես նաև նախկինում նման թղթադրամներ Հայաստան ներմուծելու և իրացնելու հնարավոր դեպքերը բացահայտելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG