Մատչելիության հղումներ

ՔԿ. Մեղադրանքներ են առաջադրվել Քաղսի համայնքի ղեկավարին և նրա տեղակալին


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն (ՔԿ) տեղեկացնում է, որ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավարի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, յուրացումներ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«Նախնական քննության տվյալներով՝ Կոտայքի մարզի Քաղսի համայնքի ղեկավար Ս.Ալեքսանյանը և վերջինիս տեղակալ Ա.Համբարձումյանը, հանդիսանալով պաշտոնատար անձինք, 2015 թվականի նոյեմբերի 14-ին Քաղսի համայնքում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով համայնքի սեփականությանը, ինչպես նաև գյուղացիներին պատճառված վնասի չափերը ներկայացրել են ուռճացված, կազմել հավելագրված տվյալներով կեղծ ակտեր, որոնց հիման վրա ստացել են գումարներ՝ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս», - ասված է հաղորդագրությունում։

Կոմիտեն նշում է, որ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են չարաշահումների եղանակը, ծավալները, համայնքի ղեկավարի և նրա տեղակալի գործողությունների շրջանակը։

«Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ս.Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք (2 դրվագ), 38-308-րդ և 38-314-րդ հոդվածների 1-ին մասերի, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ պաշտոնեական դիրքի օգտավործմամբ), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ՝ խոշոր չափերով) հատկանիշներով։

Ա.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիք) հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Հայաստանի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG