Նորանշանակ նախարարները համեստ, պարկեշտ մարդիկ են, կառավարման նոր մշակույթի կրողներ, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ առաջիկայում նախարարները կներկայացնեն համապատասխան ծրագրեր իրենց ղեկավարած ոլորտների զարգացման վերաբերյալ:
«Ակնկալում եմ շատ համարձակ, գործնական քայլեր», - դիմելով նորանշանակ նախարարներին՝ ասել է վարչապետը:
Հայաստանի նախագահի սեպտեմբերի 20-ի հրամանագրերով, հիշեցնենք, Վահան Մարտիրոսյանը նշանակվեց տրանսպորտի և կապի նախարար, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության նախարար, Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Վարդան Արամյանը՝ Ֆինանսների նախարար։
Կարապետյանը հանձնարարական է տվել Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացի կազմակերպման վերաբերյալ:
Կարեն Կարապետյանը կարևորել է խնդրի լուծման տարբերակների և համապատասխան հայեցակարգի մշակումը՝ երկարաժամկետ կտրվածքով:
Գործադիրի ղեկավարը, մասնավորապես, անդրադառնալով Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման խնդրին՝ նշել է, որ «Վեդի Ալկո» ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները:
«Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք», - նշել է վարչապետը: