Մատչելիության հղումներ

logo-print

Նշանակվեցին նոր կառավարության առաջին անդամները


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահի այսօրվա հրամանագրերով նշանակվեցին նոր կառավարության առաջին անդամները:

Կարեն Կարապետյանի կառավարությունում իրենց աթոռները պահեցին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Այս մարդիկ վերանշանակվեցին իրենց պաշտոններում:

Նշանակվեցին չորս նոր նախարարներ:

Վարդան Արամյանը, ազատվելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, նշանակվեց ֆինանսների նախարար: Կառավարությանը, փաստորեն, թողեց ժամանակին «սուպերնախարար» համարվող Գագիկ Խաչատրյանը, ում ենթակայությունից այս տարվա մարտին դուրս էր բերվել Պետեկամուտների կոմիտեն, և այժմ էլ Խաչատրյանը թողեց կառավարությունը: Առնվազն մինչ այս պահը հայտնի չէ որևէ այլ պաշտոնում նրա նշանակվելու մասին:

Կառավարությունը լքեց նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը․ նրա փոխարեն նշանակվել է Վահան Մարտիրոսյանը: Պաշտոնական տեղեկություն դեռ չկա՝ ով է Վահան Մարտիրոսյանը: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության հայաստանյան մասնաճյուղում:

Նոր ղեկավար ունի նաև գյուղատնտեսության նախարարությունը՝ Իգնատի Առաքելյան: Նա փոխարինեց Սերգո Կարապետյանին, ով, ըստ մամուլի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վաղեմի գործընկերն է․ նրանց որդիներին է պատկանում «Արտֆուդ» ընկերությունը: Իգնատի Առաքելյանը կառավարություն է տեղափոխվում Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրենի պաշտոնից, ուր նա նշանակվել էր անցած ամռանը:

էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ևս ունի նոր ղեկավար՝ Աշոտ Մանուկյան: Նա փոխարինեց այդ պաշտոնում ընդամենը յոթ ամիս աշխատած Լևոն Յոլյանին: Աշոտ Մանուկյանը ևս մասնավոր հատվածից է, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը նա Հրազդանի ՋԷԿ-ի դուստր ձեռնարկության՝ «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրենն էր:

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա մեկ այլ հրամանագրով Արգենտինայում և լատինաամերիկյան մի շարք այլ երկրներում Հայաստանի նախկին դեսպան Ալեքսան Հարությունյանը նշանակվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: Հարությունյանը, փաստորեն, վերադարձավ, նախագահի աշխատակազմ՝ 1998-1999թթ․ հենց նա էր ղեկավարում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմը:

«Ազատության» հետ զրույցում արձագանքելով կառավարությունում տեղ գտած այս նշանակումներին՝ Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը, մասնավորապես, ասաց․ - «Չունեն, երևի, փչացած կենսագրություն, վարկաբեկված անցյալ․․․ դա այս պահին առավելություն է, բայց Հայաստանում այս գործող համակարգով հնարավոր չէ ռեֆորմներ անել, դրական բան ստանալ: Դու ունես խորհրդարան, քաղաքական ուժ, որ ամբողջությամբ կոռումպացված է, թաթախված է մենաշնորհների, հովանավորչության, ապօրինությունների, կեղծիքի մեջ»:

XS
SM
MD
LG