Մատչելիության հղումներ

Աղավնաձորում սեպտեմբերի 21-ը չեն նշում, սակայն հպարտ են, որ անկախ Հայաստան ունեն


Արխիվ -- Աղավնաձորցիները ի նշան բողոքի փակում են դպրոցի մուտքը, 1-ը սեպտեմբերի, 2016թ․
Արխիվ -- Աղավնաձորցիները ի նշան բողոքի փակում են դպրոցի մուտքը, 1-ը սեպտեմբերի, 2016թ․

Անցած տարի մթերված խաղողի դիմաց չվճարված գումարների պատճառով գյուղացիների բողոքի կիզակետ դարձած Աղավնաձորում տրամադրությունը տոնական չէ․․․

Գյուղը 2000 բնակիչ ունի. այստեղ հիմնականում խաղողագործներ են ապրում ու արենի տեսակի խաղող մշակում։ Նախկինում շինարարական կազմակերպության ղեկավար Մերուժան Մանուկյանը հիշում է Աղավնաձորը ժամանակին շրջկենտրոն էր, քաղաքներից ավելի զարգացած․ - «Եռում էր էս գյուղը․․․ եռում էր: Էս գյուղը միակ գյուղն էր, որ Հանրապետությունում էն վախտ տաքացվող լողավազան չկար՝ տաքացվող լողավազան ունեինք: Մենք ստադիոն ունեինք, որ Մասկվայի «Սպարտակի» գալիս էր ստեղ՝ խաղում էր»:

Դպրոցի բակում հավաքված աղավնաձորցիները խոստովանում են՝ սեպտեմբերի 21-ը գյուղում չեն նշում, սակայն հպարտ են, որ անկախ ու ազատ Հայաստան ունեն։

«Մեր ղեկավարները վտանգում են անկախությունը», - ասում են նրանք։

Հայաստանում Աղավնաձորի նման 900-ց ավելի գյուղ կա, որտեղ տեսախցիկը տեսնելուն պես մարդիկ հիմնականում սոցիալական խնդիրների մասին են հիշում։ Պատմում են, որ հողից ստացած բերքը չեն կարողանում իրացնել, եկամտի փոխարեն էլ՝ վարկերն են ավելանում։

«Հայրենասիրություն են մեր մեջ սերմանըմ․․․ հա, կա էդ հայրենասիրությունը, բայց հայրենասիրությունը չես կարա ուտես՝ կշտանաս», - ասում են գյուղացիները:

Չնայած բողոքներին՝ գյուղատնտեսության նախարարությունը սովորաբար ոլորտում տնտեսական երկնիշ աճի մասին է խոսում։ Պաշտոնական տվյալներով վերջին ամիսներին ավելացել են մթերման ու արտահանման ծավալները։

Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված թվերն անիրական է համարում․ - «Կառավարությունը որոշումա, որ պիտի էս տարի կամ էս ամիս ցույց տա 4 տոկոս տնտեսական աճ ու դրանից հետ են գնում: Ասենք՝ արդյունաբերութունում շատ մեծ շեղումներ չեն կարող թույլ տալ, որովհետև արդյունաբերությունը հարկվող ոլորտ է, դրանից ակնհայտ կլինի, որ սուտ է: Այդտեղից՝ որ նայենք ոլորտները, ամենահեշտ նկարվողը շինարարությունն ու գյուղատնտեսությունն են»:

Տնտեսագետը սարսափելի բարձր է համարում նաև գյուղացիներին տրվող վարկերի տոկոսադրույքները․ - «Եվրոպական երկրներում 3 տոկոսանոց վարկը համարվում է սարսափելի կոշտ վարկ: Իսկ Հայաստանում 12 տոկոս․․․ չգիտեմ՝ գյուղացիները նարկոտի՞կ պիտի արտադրեն, որ կարողանան այդ տոկոսների տակից դուրս գալ: Այն էլ՝ սուբսիդավորումից հետո»:

25 տարի առաջ հողը մասնավորեցվեց ու տրվեց գյուղացուն, սակայն հիմա, ինչպես գյուղացին է պնդում, մնացել է այդ հողի ու իր հոգսերի հետ մենակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG