Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հանդիպել է Սփյուռքում գործող կազմակերպությունների ղեկավարների հետ


Հայոց պետականության վերականգնումը եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կամրջող կարևորագույն նպատակ, այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Անցած 25 տարիների ընթացքում չի եղել որևէ մարտավարական և ռազմավարական խնդիր կամ ծրագիր, որը հնարավոր չլիներ քննարկել և իրագործել այս եռամիասնության շրջանակներում։ Մենք մշտապես եղել ենք իրատես և հստակ ենք գնահատել մեր հնարավորություններն ու կարողությունները: Դրա շնորհիվ էր, որ մշտապես կարողացել ենք հասնել այն նպատակների իրականացմանը, որոնք սահմանվել էին մեր կողմից», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը՝ նշելով. - «Անգամ ամենահպանցիկ անդրադարձը մեր անցած ճանապարհին ցույց է տալիս մեր արձանագրած առաջընթացը: Զորօրինակ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնադրման գործում ահռելի ավանդ ունեցան դեսպանընկալ երկրների հայ համայնքները: Անկախության վերանվաճման առաջին տարիներին տեղի ունեցած գագաթնաժողովներին և բարձր մակարդակի հանդիպումներին որևէ նորանկախ երկիր չէր ներկայանում այնպիսի պատվախնդրությամբ, ինչպես որ ներկայանում էր Հայաստանի Հանրապետությունը: Իսկ դրա հետևում առկա էր սփյուռքի կառույցների, կազմակերպությունների և անհատների ահռելի և շատ դեպքերում՝ անտեսանելի աշխատանքը: Այդ շունչն ու ոգին զգացել ենք և՛ անկախությանը նախորդած ավերիչ երկրաշարժի, և՛ անկախության հռչակմանն անմիջապես հաջորդած Արցախյան հերոսամարտի օրերին։ Աշխարհի կարևորագույն կենտրոններում ներկայացված լինելով՝ բարեկամներ ունենալու և նորանկախ մեր պետության ձայնը տեղ հասցնելու հնարավորությունը մշտապես հպարտությամբ է լցրել մեր սրտերը և նախանձով՝ մեր ոչ-բարեկամների»:

Նախագահը նշել է, որ ընդամենը մեկ տարի առաջ, Հայաստանը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը` ասելով, որ Հայաստանի պետության և Սփյուռքի կառույցների համատեղ և համակարգված աշխատանքը ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ կարող ենք հետապնդել և իրականացնել կարևորագույն քաղաքական նպատակներ:

«Սա ևս մեկ վկայություն է նրա, թե ինչ կարող է անել մեր հավաքական ուժը: Նման վերաբերմունք և արդյունք պահանջող հարցերն ու խնդիրները, իհարկե, շատ են», - մասնավորապես ասել է նախագահը:

«Հաշվի առնելով ձեր ներկայությունը Հայաստանում՝ ես անհրաժեշտ գտա ձեզ հրավիրելու այս հանդիպմանը՝ քննարկելու համար նաև այն խնդիրները, որոնց անդրադարձել ենք դեռևս Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի շրջանակներում: Խոսքս, մասնավորապես, վերաբերում է Համահայկական հռչակագրում արտացոլված Ցեղասպանության հետևանքների վերացման իրավական թղթածրարի մշակման աշխատանքներին և Համահայկական խորհրդի ձևավորման գաղափարին», - ասել է Սարգսյանը՝ շարունակելով. - «Բնական է, որ պատրաստ եմ և անհրաժեշտ եմ համարում խոսել նաև Հայաստանի ներքին կյանքում ընթացող գործընթացների մասին, սահմանադրական փոփոխությունները կյանքի կոչելու, նոր կառավարության ձևավորման ընթացքի, ինչպես նաև առաջիկա խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց մինչ այդ, ցանկանում եմ կատարել շատ հաճելի մի պարտականություն: Տոնական օրերին պետական պարգևների արժանացած անձանց թվից երկուսին ցանկանում եմ պարգևատրել հենց այստեղ՝ բոլորիդ ներկայությամբ»:

Նախագահը հայտարարել է, որ հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի նախագահ պարոն Բակո Սահակյանին Տիգրան Մեծ շքանշանով պարգևատրելու մասին՝ «հաշվի առնելով նրա անուրանալի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կայացման և ամրապնդման գործում»:

Նախագահը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինին էլ հանձնել է դեռևս անցյալ տարի հրամանագրով հաստատված նրա պարգևը: «Վեհափա՛ռ Տեր, մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը հայապահպանության գործում, ինչպես նաև մեր ավանդական արժեքների պահպանման սուրբ պարտականությունները: Շատ շնորհակալ ենք և թույլ տվեք Ձեզ հանձնել Ձեր պարգևը», - հայտարարել է նախագահը՝ շարունակելով. - «Այստեղ ներկաներից երեկվա իմ հրամանագրերով պետական բարձր պարգևների, տարբեր շքանշանների են արժանացել պարոնայք Գագիկ Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը, Հրանտ Մարգարյանը, Հարութ Սասունյանը, իսկ ավելի վաղ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը»:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, հանդիպումն իրենց ներկայությամբ պատվել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը: Ներկա են եղել նաև Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հանդիպման շրջանակներում նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ թողարկված նամականիշների մարման հանդիսավոր արարողությունը: «25-ամյակ» և «Անկախություն» գրառումներով նամականիշների մարումն իրականացրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG