Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությանը


Սեյրան Օհանյան, արխիվ
Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելիին և Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Ջոն Գրոնսկիին:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, կողմերը բարձր են գնահատել Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցության մակարդակը՝ ընդգծելով որ բարձրաստիճան փոխայցելությունները, ներկայումս Հայաստանում գտնվող ԱՄՆ ԶՈւ տարբեր փորձագիտական խմբերի առկայությունը ևս մեկ վկայություն են ակտիվ և արդյունավետ համագործակցության ու փոխադարձ վստահության:

Հայաստանի զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի, Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համագործակցությունը ներառում է բազմաթիվ ուղղություններ` ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահություն, միջազգային առաքելությունների համար ինքնաշեն պայթուցիկ սարքեր հայտնաբերող և վնասազերծող անձնակազմի պատրաստում, 2-րդ մակարդակի բուժօգնություն ապահովող դաշտային հոսպիտալի կարողությունների զարգացում և միջազգային հավաստագրում, արհեստավարժ սերժանտական կազմի ձևավորում, բազմազգ համատեղ զորավարժություններ և այլն:

ԱՄՆ զինված ուժերի բարձրաստիճան պատվիրակությունը վաղը մասնակցելու է Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին: Նախատեսվում են նաև պատվիրակության այցերը ԱՄՆ ԶՈւ փորձագիտական խմբերի օժանդակությամբ անցկացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացի, ինչպես նաև ՀՀ ԶՈւ նորաստեղծ ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի հրահանգիչների վերապատրաստման դասընթացի անցկացման վայրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG