Մատչելիության հղումներ

Փոխվարչապետ. Հայաստանում առկա տնտեսական մոդելն այլևս սպառել է իրեն


Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ
Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյան, արխիվ

Այսօր իր պաշտոնում վերանշանակված փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով, Հայաստանում առկա տնտեսական մոդելն այլևս սպառել է իրեն և այն չի կարող ապահովել տնտեսության հետագա զարգացումը:

Առավոտյան լրագրողների հետ ճեպազրույցում Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս ստացվեց, որ ավելի քան վեց տարի շարունակ տնտեսական աճ գրանցած Հայաստանում հանկարծ պարզվում է, որ «տնտեսության վիճակը չափազանց ծանր է»:

«Թեզն ավելի մանրամասն կբացվի, իմ տրամաբանությամբ, պարոն Կարապետյանը շեշտեց, որ նախկին զարգացման ռեսուրսը սպառված է, և անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր ռեսուրսներ՝ հետագա աճի ապահովման համար։ Խոսքը չի վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, խոսքը չի վերաբերում, որ թվերն իրական չեն, խոսքը վերաբերում է զարգացման այն տնտեսական մոդելին, որն առկա էր, և հարկ է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից շուտով», - ասաց Գաբրիելյանը։

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2009 թվականի տնտեսական խորը ճգնաժամից հետո՝ 2010-ից 2015 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսական աճը միջինը տարեկան կազմել է 4 տոկոս: Տնտեսական աճը շարունակվում է նաև այս տարի, երկրորդ եռամսյակը փակել ենք 1.5 տոկոսով: Սակայն, այս թվերը չխանգարեցին, որ նախորդ չորեքշաբթի, ելույթ ունենալով Ազգային ժողովում, ընդամենը մեկ օր պաշտոնավարած վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարի. - «Մենք պետք է հասկանանք, որ կախարդական փայտիկ չկա, և այս պահին ես կարող եմ ասել, որ եթե մենք ուզում ենք մեր տնտեսության մեջ փոփոխություն անենք, մենք պետք է համակարգային փոփոխություններ անենք։ Ռեալ մեր տնտեսության վիճակը, բաց, ազնիվ ասում եմ, շատ ծանր է, չափազանց ծանր է»։

Լրագրողները փոխվարչապետին հիշեցրեցին նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, երբ օգոստոսին Մոսկվայում, ընդունելով Հայաստանի նախագահին, նրան շնորհավորել էր ԵՏՄ-ին անդամակցելուց հետո տնտեսության 10 տոկոս աճի կապակցությամբ:

Օրինակ, Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը այդպես էլ չէր կարողացել բացատրել, թե որտեղից է հայթայթել այդ թիվը Պուտինը, որից հետո էլ հայտնի դարձավ հայաստանյան տնտեսության ծանր վիճակի մասին:

Այսօր Վաչե Գաբրիելյանը հիշեց Ստեփան Մնացականյանին. - «Եթե դուք նշում եք, որ պարոն Մնացականյանը չկարողացավ բացատրել, ապա մահկանացուներն ինչպե՞ս կարող են դա անել»։

Հարցին, թե ի՞նչ է ձեռնարկելու կառավարությունը՝ հասնելու համակարգային փոփոխությունների, փոխվարչապետը պատասխանեց. - «Կարծում եմ, երբ որ օրենքով սահմանված ժամկետում կառավարությունը կներկայացնի ծրագիր, նոր կառավարության ծրագրում այդ հարցերին կլինի պատասխան», - ասաց Գաբրիելյանը՝ եզրափակելով՝ այս տարի Հայաստանը կունենա 2.5 տոկոսից 3.5 տոկոս տնտեսական աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG