Մատչելիության հղումներ

ԱՎԾ նախագահը չի կարող ասել, թե ինչ 10 տոկոս աճի մասին է խոսել Պուտինը


Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը այսօր կառավարության նիստից հետո՝ գումարեց, հանեց, բազմապատկեց, բայց այդպես էլ չկարողացավ ասել, թե որտեղից է Հայաստանում ՀՆԱ-ի 10 տոկոս աճ արձանագրվել։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը շնորհավորեց Հայաստանի նախագահին՝ ԵՏՄ-ին անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրված «ՀՆԱ-ի 10 տոկոս աճի կապակցությամբ»:

Հայաստանում վիճակագրական թվեր ներկայացնող կառույցի ղեկավար Մնացականյանը նման ցուցանիշի ծանոթ չէր, խորհուրդ տվեց Ռուսաստանի նախագահին հարցնել, թե ինչպես են նման թիվ ստացել։

«Ես չեմ կարող ասել: Իմ կարծիքով՝ հարցը ինձ չպետք է ուղղել», - ասաց Մնացականյանը:

Հայաստանը պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցել է 2015 թվականի հունվարի 2-ից, 2015-ին ըստ ազգային վիճակագրական ծառայության Հայաստանում 3 տոկոս ՀՆԱ-ի աճ է եղել։ Ստեփան Մնացականյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ենթադրեց՝ միգուցե Ռուսաստանի նախագահը 2014 թվականի արդյունքներն էլ են գումարել, բայց պարզվեց դա էլ է քիչ, 2014-15-ը միասին 6.6 տոկոս է կազմում։ «Միգուցե ինչ-որ մեկը հաշվել է 2016 թվականի առաջին ամիսների արդյունքները», - հավելեց վիճակագրական ծառայության ղեկավարը։

Ռուսաստանի նախագահը երեկ հայտարարել էր, որ 10 տոկոս ՀՆԱ-ի աճի ցուցանիշը «թղթերից է երևում»: Նա հավելել էր, որ հուսով է դրական տեղաշարժը կպահպանվի։ Իր հերթին Հայաստանի նախագահն էլ ավելացրել էր, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև այս տարվա առաջին կեսին աճել է 12 տոկոսով: Այս աճը Հայաստանի նախագահը կապեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ:

«Պաշտոնական վիճակագրությունը կարող է դրամի փոխարժեքի հետ կապված մանիպուլյացիաներով Հայաստանում ստանալ ասենք՝ 50 տոկոս տնտեսական աճ», - ասում է տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը, նշելով, որ դրամով հաշվելու դեպքում իրոք իրոք աճը 10 տոկոս է, սակայն ՀՆԱ-ի իրական թիվը ստանալու համար այն պետք է դոլարով հաշվել:

«11․1 միլիարդ դոլարից ՀՆԱ-ն նվազել է 10.5 միլիարդ դոլար՝ դա 5.4 տոկոս նվազում է», - փաստում է տնտեսական մեկնաբանը։

Երեկ Պուտինի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն էլ հայտարարել էր, որ ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև այս տարվա առաջին կեսին աճել է 12 տոկոսով: Այս աճը Հայաստանի նախագահը կապեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ: Հայկ Գևորգյանը համաձայն է՝ այս տարվա առաջին կեսին ապրանքաշրջանառությունը աճել է, մինչդեռ ընդհանուր տարվա ցուցանիշներով անկում է նկատվում։

«2013 թվականին արտահանվել է 334 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015-ին՝ 225 միլիոն: Այսինքն էական, կտրուկ, շեշտակի անկում ունենք», - պարզաբանում է տնտեսական մեկնաբանը:

XS
SM
MD
LG