Մատչելիության հղումներ

Նալբանդյանը նախագահել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի գագաթնաժողովի առաջին նիստը


Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության
Լուսանկարը՝ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության

Արդեն երեք տասնամյակ է, ինչ Հայաստանի առջև ծառացել են փախստականների ընդունման հետ կապված մարտահրավերները: Այս մասին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը՝ երեկ Նյու Յորքում ելույթ ունենալով փախստականների և միգրանտների հիմնախնդիրներին նվիրված ՄԱԿ-ի գագաթաժողովի առաջին նիստում, որը նախագահել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը:

«1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին հայերը Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների են ենթարկվել, արտաքսվել են իրենց բնակության վայրերից և ապաստան գտել Հայաստանում: Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանը կրկին լայնամասշտաբ ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչը հանգեցրեց կորուստների՝ քաղաքացիական բնակչության շրջանում, և տեղահանության հերթական ալիքի», - շարունակել է Նալբանդյանը:

Նա կարևորել է հակամարտությունների և ճգնաժամային իրավիճակների կանխարգելման, հիմնախնդիրների խաղաղ հանգուցալուծման և տևական կարգավորման միջոցով տեղահանությունների հիմնական դրդապատճառներին լուծում գտնելը, շեշտել է փախստականներին և տեղահանված անձանց աշխարհի բոլոր տարածաշրջաններում՝ անկախ նրանց ներկա քաղաքական կարգավիճակից, հավասար, արագ և անխափան միջազգային մարդասիրական աջակցության տրամադրման կարևորությունը:

«Հայաստանը խորապես մտահոգված է մեր անմիջական հարևանությունում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակով: Բազմաթիվ անգամներ Հայաստանը դատապարտել է ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացված հանցագործությունները, որոնք սպառնալիք են ներկայացնում ինչպես տարածաշրջանի համար, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Պատերազմը Սիրիայում ավերիչ ազդեցություն ունի նրա քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների համար, որոնք գոյատևման պայքար են մղում՝ ահաբեկիչների և օտար վարձկանների կողմից իրականացվող ազգային հողի վրա հանցագործություններին դիմագրավելու համար», - ասել է Նալբանդյանը՝ ընդգծելով, որ բռնությունը Մերձավոր Արևելքում չի շրջանցել նաև սիրիահայությանը․ - «Այսօր հազարավոր հայեր Մերձավոր Արևելքի մյուս ժողովուրդների հետ միասին նորից հարկադրված են թողնելու իրենց բնակության վայրերը: Միայն Սիրիայից ավելի քան 20 հազար հայորդիներ ապաստան են գտել Հայաստանում։ Բնակչության թվի հարաբերակցությամբ այս ցուցանիշով Հայաստանը երրորդն է Եվրոպայում՝ Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Այսպիսով, Հայաստանն իր սեփական փորձով գիտի, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ տեղահանվածներին»:

Նա ներկայացրել է Հայաստանում սիրիահայությանը տրամադրվող աջակցության հնարավորությունները, ապաստանի հայցման, կեցության թույլտվության և քաղաքացիության շնորհման դյուրացված ընթացակարգերը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը շեշտել է, որ Հայաստանը հանձնառու է առավելագույնս նպաստել Սիրիայից փախստականների առջև ծառացած խնդիրների լուծմանը: «Սակայն որևէ պետություն ի վիճակի չէ միայնակ դա անել՝ փախստականների նման խոշոր հոսքերի պարագայում: Համոզված ենք, որ առավել լայն միջազգային համագործակցություն է անհրաժեշտ՝ ընդունող պետություններին աջակցելու համար: Այս առումով, ողջունում ենք Փախստականների և միգրանտների մասին Նյու Յորքի հռչակագրի ընդունումը և վստահ ենք, որ մեր հավաքական հանձնառությունների առավել արդյունավետ իրագործումը կարող է իրապես շահեկան լինել փախստականների համար», - իր խոսքը եզրափակել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Էդվարդ Նալբանդյանը նաև հանդիպումներ է ունեցել Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռռեզա Ֆազլիի, Կանադայի արտգործնախարար Ստեֆան Դիոնի և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG