Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը օժանդակում է Մեղրիի Սբ․ Սարգիս եկեղեցու պահպանությանը և որմնանկարների վերականգնմանը


Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին, լուսանկարը՝ Հայաստանի մշակույթի նախարարության
Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցին, լուսանկարը՝ Հայաստանի մշակույթի նախարարության

Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում այսօր ստորագրվել է Հայաստանի մշակույթի նախարարության և Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության միջև «Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս (Սբ. Հովհաննես) եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և դեսպան Ռիչարդ Միլսը:

Մշակույթի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հուշագրի ստորագրմանը հաջորդած մամուլի ասուլիսում Հասմիկ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով Միացյալ Նահանգների դեսպանությանը, նշել է, որ դեսպան Միլսը ճիշտ է գնահատել նախարարության կողմից առաջարկված՝ Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման ծրագրի կարևորությունը: Պողոսյանը հատուկ շեշտել է տարիներ շարունակ ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի:

«Իր նրբագեղ որմնանկարներով Սուրբ Սարգիս եկեղեցին մշակութային գանձարանի անզուգական արժեք է թե՛ Հայաստանի, և թե՛ աշխարհի համար: Միացյալ Նահանգների կառավարությունը կարևորում է այս և այլ մշակութային հուշարձանների ու արժեքների պահպանությունը Հայաստանում, մի երկիր, որ հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ», - Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ ասել է դեսպան Միլսը: - «Սուրբ Սարգիսը մարզերում պահպանված պատմամշակութային հուշարձանների առանձնահատուկ օրինակ է: Աշխատելով մեր հայ գործընկերների հետ՝ այս հոյակերտ եկեղեցու վերակառուցման, ինչպես նաև այլ հուշարձանների ու մշակութային արժեքների պահպանության շուրջ՝ մենք շարունակում ենք աջակցել զբոսաշրջության զարգացմանը Հայաստանի մարզերում, որը կարող է տնտեսական աճի խթան դառնալ»:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ կիրականացվեն Մեղրիի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից տարածքի ջրամեկուսացման, որմնանկարների և ծածկասալերի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:

Մեղրիի «Փոքր թաղի» Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույց է: Իր ոճով այն Կովկասում և Միջին Արևելքում եզակի է՝ հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր: Մշակույթի նախարարության կողմից դեռևս անցյալ տարի կազմված և առաջարկված հայտի ընտրությունը պայմանավորված է եկեղեցու ճարտարապետական, գիտական, արվեստաբանական բացառիկ նշանակությամբ, նրանում առկա որմնանկարների պահպանության կարևորությամբ:

ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ 2005 թվականից մինչ օրս ընդհանուր առմամբ մշակութային տասը ծրագիր է իրականացվել: Ներկայում ընթանում են Գյումրիում՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարի վերականգնման և տեղափոխման, Արենու քարանձավի հնագիտական գտածոների պահպանության աշխատանքները: Նախկինում իրականացվել է հայկական ավանդական պարերի ու երաժշտության հավաքագրում-փաստագրումը, Նորատուսի միջնադարյան գերազմանատան պահպանությունը, Գառնու միջնադարյան կամրջի ամրակայումն ու վերականգնումը, Ռաֆայել Աթոյանի «Ջրաղացի ճանապարհին» որմնանկարի ամրակայումը, վերականգնումը, տեղափոխումը, «Դաշտադեմ» ամրոցի ու նրա շրջակայքում գտնվող մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրումը, գնահատումը, վերականգնումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG