Հայաստանի արդարադատության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) միջև այսօր ստորագրվել է համաձայնագիր՝ Օրենսդրության կատարելագործման և իրավական հետազոտությունների կենտրոնի ստեղծմանն աջակցելու նպատակով:
Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Արփինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և ԱՄՆ ՄԶԳ երևանյան գրասենյակի առաքելության նախկին և ներկա տնօրեններին՝ գաղափարին հավատալու և այն կյանքի կոչելու նախաձեռնության ակտիվ մասնակիցը դառնալու համար:
«Գերատեսչական շահերից անկախ օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող օրենսդրական ակտերի մշակում, անկախ փորձաքննություն և պրոֆեսիոնալիզմ. սա է լինելու Կենտրոնի հիմնական առաքելությունը», - հայտարարել է Հովհաննիսյանը:
Ռիչարդ Միլսը բարձր է գնահատել Հայաստանի արդարադատության նախարարության հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ վերջին մեկ տարվա ընթացքում այն մտել է որակապես նոր փուլ, և նշելով, որ Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոնի բացումը, որը մասամբ հնարավոր է դարձել ԱՄՆ կառավարության օժանդակության շնորհիվ, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունավետ կառավարումն ամրապնդելու ուղղությամբ նախարարության հետ ձևավորված ամուր գործակցության ու գործընկերության վերջին շրջանի վառ օրինակներից է, և ԱՄՆ ՄԶԳ կողմից ամուր օժանդակություն կապահովվի Կենտրոնին՝ վերջինի գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում:
Համաձայնագրի շրջանակում կենտրոնի միջոցները կուղղվեն մասնագիտական կադրային ապահովման ամրապնդմանը, շահագրգիռ կողմերի միջև խորհրդակցությունների արդյունավետ մեխանիզմների ինստիտուցիոնալացմանը և Կենտրոնի նախնական կարգավորումների հեշտացմանը` երկարաժամկետ կայունության մոտեցմամբ: