Մատչելիության հղումներ

Փաստահավաք աշխատանքներ՝ Մատաղիսում, Մատաղիսի ջրամբարի տարածքում և Ալաշանում


Սեպտեմբերի 8-ից 11-ը աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խնդրանքով Լեռնային Ղարաբաղի օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը ներկայացրել է ապրիլին ադրբեջանական Զինված ուժերի կողմից իրականացված դաժանությունների վերաբերյալ փաստահավաք աշխատանքի ընթացիկ արդյունքները։

Հայաստանի և Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանների գրասենյակներից փոխանցում են, որ այդ աշխատանքի շրջանակներում երկու պաշտպաններն այցելել են Մատաղիս գյուղ, Մատաղիսի ջրամբար և իրականացրել համատեղ ուսումնասիրություններ: Արձանագրվել են ապրիլ ամսվա ընթացքում ադրբեջանական զինված ուժերի թիրախային հարձակումները Մատաղիս գյուղի և ջրամբարի ուղղությամբ:

«Ջրամբարի վրա թիրախային հարձակումներն ուղղակի նպատակ են հետապնդել մեծ վնասներ հասցնել Արցախի քաղաքացիական բնակչությանը և նրանց զրկել կենսական կարիքները բավարարելու հնարավորությունից: Այսպիսի գործելաոճը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները», - ասված է հաղորդագրությունում:

Ղարաբաղի և Հայաստանի օմբուդսմեններն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել Ադրբեջանի կողմից ապրիլյան հարձակման հետևանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ:

Հանդիպման ընթացքում լրացուցիչ տեղեկություններ են ձեռք բերվել Թալիշ գյուղի խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների, ինչպես նաև կատարված դաժանությունների վերաբերյալ:

«Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրում են քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական Զինված ուժերի թույլ տված հիմնարար խախտումների վրա: Այդ տեղեկությունները, համապատասխան հիմնավորումներով, կներկայացվեն մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպություններին», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG