Բելառուսում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ քսան տարվա մեջ ընդդիմադիր թեկնածուներ են հաղթել՝ ստանալով երկու տեղ 110 մանդատանոց խորհրդարանում: Մյուս բոլոր ընտրատեղամասերում հաղթել են 5 անգամ անընդմեջ նախագահ ընտրված Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները:
Վերջինս հայտարարում է ազատ ու արդար քվեարկության մասին, մինչդեռ ընդդիմությունը պնդում է՝ ոչինչ չի փոխվել, վարչակազմը շարունակել է համատարած կեղծիքներով ու լցոնումներով աղավաղել պատկերը:
«Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայությունը ևս երեկ խախտումների բազվաթիվ ահազանգեր է ստացել:
Մայրաքաղաք Մինսկի տեղամասերից մեկում, օրինակ, ընտրահանձնաժողովի անդամ Յադվիգա Ուգոլնիկի հաշվարկով, քվեարկությանը մասնակցել է 279 ընտրող, մինչդեռ հանձնաժողովի ղեկավարն արձանագրել է դրա կրկնակին: Վերահաշվարկի պահանջը դարձել է լեզվակռվի պատճառ, ընտրահանձնաժողովի նախագահը վիրավորել է ընդդիմադիր կնոջը, ապա դուրս հրավիրել լրագրողներին ու այդ ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածուին:
Միջազգային դիտորդները ևս, գնահատելով դրական փոփոխությունները, այսօր հայտարարեցին, որ Բելառուսը դեռ շատ անելիք ունի ժողովրդավար ու թափանցիկ ընտրություններ կազմակերպելու հարցում:
«Անհրաժեշտ է ստեղծել մրցունակ քաղաքական համակարգ», - հայտարարել է Եվրախորհդրի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, ավստրիացի Գիզելա Վուրմը:
«Վաղաժամ քվեարկությունն ու արդյունքների ամփոփման գործընթացը կրկին ուղեկցվեցին էական խախտումներով ու թափանցիկության պակասով», - արձանագրել են ԵԱՀԿ դիտորդները՝ հավելելով․ - «Չնայած այս անգամ ընդդիմադիր թեկնածուների թիվն ավելացել էր, լրատվամիջոցները այդպես էլ համարժեք չլուսաբանեցին քարոզարշավը՝ ընտրողներին զրկելով տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունից»:
Մինսկում «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության թղթակիցների անցկացրած հարցումը ևս փաստում է, որ երեկ ընտրատեղամաս գնացած քաղաքացիների մեծ մասը չգիտեր թեկնածուների անուն-ազգանունները, ոմանք անգամ տեղյակ չէին, թե ինչ ընտրությունների են մասնակցում:
Տեղական դիտորդներն ահազանգում են համատարած կեղծիքների մասին՝ պնդելով, թե իրական թվերը անգամներով են տարբերվում պաշտոնականից: «Մեր դիտարկած բոլոր ընտրատեղամասերում եղել են խախտումներ, և այս ընտրությունները հեռու են ժողովրդավարական ու թափանցիկ կոչվելուց», - հայտարարել է «Ընտրության իրավունք» կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Սադովսկին:
Փորձագետները պնդում են, թե Լուկաշենկոն այս անգամ թույլ է տվել որոշ ընդդիմադիր թեկնածուների հաղթանակը՝ ընտրությունները լեգիտիմացնելու և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու համար: Ընտրողները ևս թերահավատ են, թե տևական ընդմիջումից հետո խորհրդարան անցած երկու պատգամավորները կարող են էական փոփոխություններ անել:
«Եթե քսան մարդ լիներ՝ գուցե, իսկ երկուսը...», - «Ազատությանն» ասում է մի ընտրող: «Չեմ կարծում, թե բան փոխվի, պատգամավորներն ինչ են անում որ», - հավելում է մյուսը:
Ընդդիմությունը պնդում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն տարիներ շարունակ նվաստացրել ու ստվերել է խորհրդարանի վարկանիշը, և պատահական չէ, որ այսօր ընտրողների մեծ մասը օրենսդիր մարմնի հետ որևէ հույս չի կապում:
Խորհրդարանական ընդդիմության հանդեպ երկրի նախագահի անհանդուրժողականությունը, ի դեպ, խոր արմատներ ունի և գալիս է 1996 թվականից, երբ Լուկաշենկոն նոր էր ընտրվել նախագահ: Գերագույն խորհրդի պատգամավորները նախաձեռնեցին ստորագրահավաք՝ նրա հրաժարականը պահանջելու համար: Իմփիչմենթի գործընթացը հաջողությամբ չավարտվեց, փոխարենը Լուկաշենկոն սկսեց վերահսկել ընդդիմախոսների մուտքը խորհրդարան:
Անցած ավելի քան քսան տարվում օրենսդիր մարմնում ընդամենը մեկը անգամ է ընդդիմադիր խմբակցություն ձևավորվել․ 2004 թվականին, երբ իրենց պատգամավորության ժամկետի ավարտին բանակի գեներալ Վալերի Ֆրոլովը, թիավարության օլիմպիական բազմակի չեմպիոն Վլադիմիր Պարֆյոնովիչն ու գործարար Սերգեյ Սկրեբովը սկսեցին քննադատել գործող իշխանությանը: Դրանից հետո, ըստ փորձագետների, Լուկաշենկոն է՛լ ավելի մանրազնին էր քննում պատգամավորության թեկնածուներին՝ առանձնացնելով ընդդիմադիրներին դեռ ստորագրահավաքի փուլում: