Մատչելիության հղումներ

Շտայնմայերը կոչ է անում հակամարտող կողմերին հարգել ԱՄՆ-ի ու ՌԴ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը


Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, արխիվ
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել հարգել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված պայմանավորվածություններն ու դադարեցնել պատերազմը։ Այդ մասին ասված է Շտայնմայերի հայտարարությունում, որն այսօր տարածել է Գերմանիայի արտաքին գերատեսչությունը։

«Ես ուրախ եմ, որ Ջոն Քերրին [ԱՄՆ-ի պետքարտուղար] ու Սերգեյ Լավրովը [Ռուսաստանի արտգործնախարար] այս գիշեր երկարատև և ծանր բանակցություններից հետո համաձայնության են եկել զինադադարի ու ռազմական համագործակցության շուրջ», - ասել է Շտայնմայերը՝ շարունակելով. - «Ես կոչ եմ անում հակամարտող կողմերին հարգել Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունն ու դադարեցնել պատերազմը ամենաուշը մինչև երկուշաբթի»։

Հիշեցնենք, երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Ռուսաստանի արտգործնախարարը սիրիական ճգնաժամի հարցով Ժնևում հանդիպել են։

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, մոտ 14 ժամ տևած բանակցությունների արդյունքում Քերրին ու Լավրովը, մասնավորապես, համաձայնության են եկել հինգ փաստաթղթերից բաղկացած փաթեթի շուրջ։ Փաթեթում ընդգրկված են հիմնականում կրակի դադարեցմանը, քաղաքական գործընթացների վերսկսմանն ու միլիոնավոր մարդկանց հումանիտար օգնություն հասցնելուն առնչվող հարցեր։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության, մարտական գործողությունները պետք է դադարեցվեն սեպտեմբերի 12-ին ժամը 00։00-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG