Մատչելիության հղումներ

Վեհափառը Ղարաբաղում այցելել է առաջնագիծ, Հանրապետական մաղթանք կատարել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում


Լեռնային Ղարաբաղ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, արխիվ
Լեռնային Ղարաբաղ - Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, արխիվ

Երեկ Լեռնային Ղարաբաղում Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, ուղեկցությամբ ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Վարդան Բալայանի, այցելել է մարտական դիրքեր՝ հայրապետական իր օրհնությունը բերելով առաջնագծում իրենց ծառայությունն իրականացնող ՊԲ հրամանատարներին և զինվորներին։ Վեհափառին ուղեկցում էին նաև Գերագույն հոգևոր խորհրդի անդամները։

«Մեր օրհնությունը, գնահատանքն ու շնորհակալությունը ձեզ՝ նվիրյալ ձեր ծառայության համար, որ իրականացնում եք՝ անվտանգ պահելով մեր սահմանները և պահպանելով անդորրը Արցախի, նաև Հայաստանի մեր ժողովրդի», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։

Ապահով ծառայություն ցանկանալով զինվորներին՝ Վեհափառը մաղթել է երիտասարդներին հաղթական վերադարձ իրենց օջախները։

Գարեգին երկրորդը նաև շրջել է դիրքերում, ծանոթացել պայմաններին։ Հայոց հայրապետը զինվորներին խաչեր է նվիրել, ինչպես նաև սրբապատկերով խաչ՝ զինվորների ուժերով կառուցված մատուռի համար։

Նույն օրը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսի և մասնակցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների, կատարվել է Հանրապետական մաղթանք՝ Արցախ աշխարհի խաղաղության և բարօրության համար։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, այլ պաշտոնատար անձինք, զինվորականներ և շուշեցիներ:

«Այս օրերին մեր ժողովուրդը տոնախմբում է Արցախի անկախության 25-րդ տարեդարձը՝ պանծալի հոբելյանը մեր նորօրյա պատմության ամենանշանակալի իրադարձության: Մենք վերստին արժևորում ենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները և խոնարհումով հիշում մեր բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքն ընծայեցին հանուն Արցախի ազատության և մեր հայրենիքի ապահովության», - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը: - «Նախորդ երկուսուկես տասնամյակները եղան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության զորացման և հաջողությունների աստիճանական ամրապնդման տարիներ: Ապրիլյան վերջին իրադարձությունները, սակայն, եկան հավաստելու, որ մենք տակավին մեծ անելիքներ ունենք Արցախի պետականության ամրապնդման և մեր հայրենքի սահմանների անվտանգության ապահովման գործում: Թշնամու չդադարող ոտնձգությունների պայմաններում մենք պիտի շարունակենք միասնաբար զորացնել մեր բանակը, շենացնել ու հզորացնել Արցախը: Արցախահայությունը՝ հակառակ ամեն դժվարությունների, շարունակում է հերոսաբար տոկալ և իր հարազատ հողի վրա կառուցել իր բարօր ապագան»:

«Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ու եկեղեցական կառույցների ամեն հնարավորությամբ ձեր կողքին է, սիրելի քաջարի արցախցիներ՝ մշտապես սատար ու աջակից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգայնորեն ճանաչման և Արցախում արժանապատիվ կյանքի կառուցման ջանքերին», - հայտարարել է Գարեգին երկրորդը:

Վերջում Վեհափառը Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն Տիրոջ Սուրբ Խաչելության պատկեր է նվիրել։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի նիստը երեկ ավարտել է աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG