Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյան. Վարչապետի հնարավոր հրաժարականի մասին հարցին կպատասխանեմ ԳՄ նիստից հետո


Կառավարության նիստերից մեկը, արխիվ
Կառավարության նիստերից մեկը, արխիվ

Մի քանի ժամից կմեկնարկի կառավարության հերթական նիստը, մինչդեռ խոսակցությունները կառավարության հրաժարականի մասին չեն դադարում։

Երեկվանից մամուլը պնդում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և մի շարք նախարարներ հրաժարական են ներկայացնելու։

Կառավարությունից վարչապետի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններին չեն արձագանքում։ Քչախոս են նաև իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ներկայացուցիչները։ Նրանք ոչ հերքում, ոչ էլ բացառում են Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականը, կամ էլ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանի նման խուսափում են պատասխանել հարցին։ «Էդ հարցին ես կպատասխանեմ գործադիրի նիստից հետո», - «Ազատության»-ն ասաց Մինասյանը։

Ըստ մամուլի, վարչապետին փոխարինելու է Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

Այսօր բացի կառավարության նիստից, երեկոյան ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ կանցկացնի, որից հետո, արդեն ավելի ընդլայնված կազմով, իշխող կուսակցությունը խորհրդի նիստ կգումարի։ Թեև նիստերի օրակարգը պարզ չէ, բայց գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ խորհրդի նիստեր հատուկ դեպքերում են անցկացնում և կարևոր հարցեր քննարկում։

«Սովորաբար խորհրդի նիստում լինում են կարևոր և քաղաքական խնդիրներ, կուսակցական գլոբալ, մեծ մասշտաբի խնդիրներ, ինչպես նաև իրավիճակներ, երբ անհրաժեշտություն կա Ազգային ժողովի, կառավարության հետ կապված խնդիրներ քննարկել, բայց կարող է սա լինել զուտ կուսակցական խնդիրներին նվիրված հարցեր», - ասաց Նիկոյանը։

Երեկ «Ազատություն» ռադիոկայանի Մոսկվայի թղթակիցը կապ է հաստատել, ըստ մամուլի՝ վարչապետի հավանական թեկնածու Կարեն Կարապետյանի հետ, վերջինս վարչապետի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունները հրաժարվել է մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG