Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյան․ «Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության հարցը լիարժեքորեն չի քննարկվել»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մոտալուտ հրաժարականի մասին լուրերի շուրջ «Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

«Ազատություն»․ - Ուզում ենք մեկ բան ճշտել կառավարության հրաժարականի հետ կապված:

Սահակյան․ - Վաղը կիմանաք, եթե նման բան լինի:

«Ազատություն»․ - Բայց հնարավո՞ր է, որ նման բան տեղի ունենա:

Սահակյան․ - Չեմ կարող ասել:

«Ազատություն»․ - Կուսակցությունում չե՞ք քննարկել այդ հարցը:

Սահակյան․ - Ոչ, չենք քննարկել։

«Ազատություն»․ - Բայց Ձեր կուսակիցներն էլ չեն հերքում, որ վաղը Հանրապետականի գործադիր մարմնի նիստում հենց այդ հարցն է քննարկվելու:

Սահակյան․ - Վերջին հաշվով, ես մենակ կուսակցական չեմ: Վերջին հաշվով, եթե որևիցե բան քննարկվելու լինի և որևիցե վճիռ կայացնելու լինենք արդեն, այդ ժամանակ կարող եմ ասել: Իսկ մնացածները՝ ով ինչ ասում է, պարզապես խոսքից ելնելով․․․

«Ազատություն»․ - Այսինքն դրանք ընդամենը խոսակցություննե՞ր են, իրականություն չկա՞ այդտեղ, հրաժարական չի՞ ներկայացնելու վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Սահակյան․ - Ես նման հարցին պատասխանելու ո՛չ հնարավորություն ունեմ, ո՛չ էլ ժամանակ: Ասում եմ՝ դեռևս այդ հարցը լիովին քննարկված չէ:

«Ազատություն»․ - Պետք է նախագահի հե՞տ քննարկվի այդ հարցը:

Սահակյան․ - Իմիջիայլոց, ըստ Սահմանադրության և ըստ ամեն ինչի, դա կատարում է նախագահը: Այնպես որ, ոչ թե պիտի քննարկվի, այլ նախագահը երբ ուզենա կկարողանա կառավարությունը ցրել, ամբողջացնել և այլն, և այլն: Բայց, բնականաբար, որպես կուսակցություն կքննարկենք նաև մենք, եթե նման խնդիր առաջանա:

«Ազատություն»․ - Վաղը քննարկելո՞ւ է կուսակցությունը այդ հարցը:

Սահակյան․ - Չեմ կարող ասել: Եթե նման խնդիր լինի քննարկման, վաղը առավոտ տեղյակ կպահենք:

«Ազատություն»․ - Բայց Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք՝ կառավարության ղեկավարի՝ վարչապետի փոփոխության: Նման փոփոխությունների անհրաժեշտություն կա՞ այսօր:

Սահակյան․ - Նախևառաջ դա պիտի բնորոշվի, որպեսզի ես էլ եզրակացության գամ: Դեռևս որևէ բան ես այս պահին չեմ կարող ասել:

«Ազատություն»․ - Այսինքն՝ բնորոշվի ասելով ի՞նչ նկատի ունեք: Ո՞ւմ կողմից բնորոշվի:

Սահակյան․ - Թե՛ կուսակցության, թե՛ նախագահի, թե՛ ընդհանրապես մեր քաղաքական կյանքում: Որևիցե բնորոշում պիտի լինի, որ հիմա ես Ձեզ ասեմ: Դուք հենց ընենց, թերթերից լսել եք և ամեն մեկը իր կարծիքն է ասում, հիմա հարց եք տալիս: Ես ասում եմ՝ այս պահին ես պատրաստ չեմ նման հարցի պատասխանելու:

«Ազատություն»․ - Պարո՛ն Սահակյան, Դուք բնորոշման մասին եք խոսում, բայց արդեն անուն է հնչում նոր վարչապետի՝ Կարեն Կարապետյան, նախկին քաղաքապետ:

Սահակյան․ - Շատ հասկանալի է, ես էլ եմ կարդացել, բայց որովհետև հարցը իմ ներկայությամբ լիարժեքորեն չի քննարկվել, դրա համար ես որևէ բան չեմ կարող այդ մասին ասել:

«Ազատություն»․ - Բայց նաև չեք կարող բացառե՞լ:

Սահակյան․ - Այսի՞նքն․․․ ես չեմ հասկանում, կարո՞ղ է նոր-նոր քաղաքականության մեջ մտած անձնավորություն եմ, Դուք էլ խարդավանքներով բան եք պոկում․․․ Նախ՝ սովորաբար կառավարությունը միշտ էլ փոփոխվում է, միշտ էլ փոխվում են բոլոր պաշտոնները: Հիմա դուք էն հարցն եք տալիս, որից, ես ասում եմ, այս պահին տեղեկություն չունեմ, եթե ունենամ էլ՝ բնականաբար որևէ բան չեմ կարող ասել:

XS
SM
MD
LG