Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է ԼՂ ՊԲ զորամաս


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի N զորամաս, ուր հանդիպում է ունեցել հրամանատարական կազմի և զինվորների հետ։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, զորամասում Ամենայն Հայոց հայրապետին ու ԳՀԽ անդամներին դիմավորել է Ղարաբաղի պաշտպանության նախարար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը։

Գարեգին երկրորդն իր հայրապետական օրհնությունն է բաշխել զորքին։ «Պահպանիչ» աղոթքից հետո Նորին Սրբությունն իր պատգամն է բերել զինվորներին։ «Եկել ենք մեր գնահատանքը և սերը արտահայտելու ձեզ, նաև բերելու ձեզ մեր խոնարհումը ձեր իրագործած սխրանքների համար, որոնց մենք ականատես դարձանք ապրիլյան պատերազմի օրերին, թե ինչպիսի քաջազունությամբ դուք կասեցրեցիք ադրբեջանական զորքերի հարձակումը, ետ շպրտեցիք նրանց մեր սահմաններից։ Մեր խոնարհումն ենք բերում քաջարի զինվորներին՝ մեր ազգի հերոս զավակներին, ովքեր իրենց կյանքով այդ օրերին պաշտպանեցին մեր Հայրենիքը։ Թող երկնքից միշտ լույս և օրհնություն իջնի նրանց շիրիմներին։ ․․․Փա´ռք ձեզ, հայոց բանակի քաջարի մարտիկներ։ Վերստին, փա´ռք ձեր ընկերներին, որոնք հանգչում են Արցախի և Հայաստանի նվիրական և սուրբ հողում», - ասել է Գարեգին երկրորդ կաթողիկոսը։

Նշելով, որ Հայրենիքի պաշտպանությունը սրբազան ծառայություն է ազգի յուրաքանչյուր զավակի համար՝ Նորին Սրբությունը կարևորել է հավատի զորացումը։ «Սիրելիներ, այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ ունենք նվիրական սրբություններ՝ դարերով կերտված հավատավոր մեր զավակների կողմից։ Այս հողը սուրբ ու նվիրական է, որովհետև այստեղ հեղվել է քրտինքը և նաև արյունը մեր պատվական զավակների և մեր նախնիների։ Այսօր դուք եք պաշտպաններն այս նվիրական Հայրենիքի։ Այս սահմանները պետք է անառիկ պահել՝ նվիրումով, հավատով և խիզախ հերոսական ոգով, որ կրում եք ձեր անձերում», - մասնավորապես ասել է Վեհափառ հայրապետը։

Ամենայն Հայոց կաթողիկոսը հայցել է Բարձրյալին, որ «միշտ հաղթական լինի հայ զինվորի բազուկը, և Աստված անվտանգ և բոլոր փորձություններից հեռու պահի երիտասարդներին, որպեսզի, փառքով և պատվով ավարտելով իրենց ծառայությունը, վերադառնան իրենց ընտանիքներ՝ ուրախություն պարգևելով իրենց ծնողներին և ողջ ժողովրդին»։

Նորին Սրբությունը մաղթել է, որ Տերը յուրաքանչյուր զինվորի կյանքի ընթացքը զարդարի հաջողություններով ու հաղթանակներով, որպեսզի միշտ շեն լինի Հայոց աշխարհը, հզոր՝ Հայոց բանակը և հայ ժողովուրդը խաղաղության մեջ ապրի ու կերտի իր բարօր կյանքը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի անդամները զրույց են ունեցել զինվորների հետ։

ԳՀԽ նիստը՝ Ստեփանակերտում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը հաղորդում է, որ երեկ Ստեփանակերտում Գարեգին երկրորդի նախագահությամբ իր աշխատանքն է սկսել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։

Նորին Սրբությունը կարևորել է ԳՀԽ ժողովների պարբերական գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը, ըստ կաթողիկոսի, խանդավառություն և հոգևոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։

«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում և մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության և արցախահայության բարօր կյանքի համար», - ասել է Գարեգին երկրորդը՝ ընդգծելով, որ Հայոց եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել և մնում է արցախահայության կողքին, աջակից և զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։

Այս կապակցությամբ Վեհափառը տեղեկացրել է, որ այցի առիթով Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին 500 հազար դոլար գումար է փոխանցում Արցախին՝ արցախահայության կարիքների համար։

Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը և բարօր ու անվրդով կյանք պարգևի նրա քաջարի ժողովրդին։

Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարևորություն ունեն Հայոց եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման և առաջընթացի համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը նշում է, որ եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների և թեմերի գործունեության առնչությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG