Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի իրավապաշտպանները սահմանադրական փոփոխությունների հարցով դիմում են Յագլանդին


Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը, արխիվ
Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը, արխիվ

Ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաններ կոչ են անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին իրավական գնահատական տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։

«Առաջարկված փոփոխություններից մի քանիսը հակասում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու օրենքի գերակայությանը», - պնդում են հայտնի հինգ իրավապաշտպաններ, այդ թվում՝ վերջերս կալանքից ազատված Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը։

Սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին Ալիևի վարչակազմը շարունակում է հետևողականորեն ճնշել ու ազատազրկել անխտիր բոլոր ընդդիմախոսներին։ Ճաղերի հետևում են հայտնվում անգամ այն ակտիվիստները, որոնք հանդգնում են Ալիևի նախաձեռնությունը սոցիալական ցանցերում քննադատել։

Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը երեկ հրապարակել է քարոզարշավի վերաբերյալ առաջին նախնական զեկույցը՝ փաստելով. - «Մինչ օրս իշխանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել փոփոխությունների էության, բովանդակության ու անհրաժեշտության վերաբերյալ, նախագիծը չի ներկայացվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, չեն կազմակերպվել բանավեճեր ու քննարկումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առանց որևէ հիմնավորում ներկայացնելու մերժել է գրանցել ընդդիմության ձևավորած քարոզչական միակ «Հանրապետություն» խմբավորումը, դատարաններն էլ մեկը մյուսի հետևից հաստատել են իշխանությունների այս որոշումները»։

20 օրից քվեարկության դրվելիք փոփոխությունները, ըստ վերլուծաբանների, ընդարձակում են Ադրբեջանի ղեկավարի առանց այն էլ լայն լիազորությունները, դրանց ընդունման դեպքում նախագահը կիշխի 7 տարի՝ ներկայիս 5-ի փոխարեն, կկարողանա միանձնյա լուծարել խորհրդարանը, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը։ Բացի այդ, առաջարկվում է երկրի նախագահ դառնալու համար սահմանված տարիքային շեմը չեղարկել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25-ից հասցնել մինչև 18 տարվա․ ըստ այդմ, եթե այս փոփոխություններն ընդունվեն, Ադրբեջանի չափահաս բոլոր քաղաքացիները կարող են առաջադրվել թե՛ նախագահի, թե՛ Միլի մեջլիսի՝ խորհրդարանի պատգամավորի պաշտոնում։

Վերլուծաբանները, սակայն, վստահ են՝ իրականում այս ամենն արվում է հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամյա կրտսեր Ալիևի, ով ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։

Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG