Մատչելիության հղումներ

Բռնաճնշումների նոր ալիք Ադրբեջանում՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախաշեմին


Ադրբեջանցի ընդդդիմադիր գործիչ Ալի Քերիմլի, արխիվ

Ադրբեջանցի ընդդդիմադիր գործիչ Ալի Քերիմլի, արխիվ

Ադրբեջանական ընդդիմության համոզմամբ, հետապնդումները վախ սերմանելու նպատակ ունեն։

Մի քանի ամսվա ընդմիջումից հետո ադրբեջանական իշխանությունները դարձյալ սկսել են բանտ նետել ընդդիմադիրներին և քաղաքացիական ակտիվիստներին: Սահմանադրական փոփոխություններին ընդդիմացող ակտիվիստներին նույն՝ «տիպային» մեղադրանքներն են առաջադրվում՝ խուլիգանություն, ապօրինի ձեռնարկատիրություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն:

Իշխանությունների գլխավոր թիրախն այս անգամ «Ռեալ» քաղաքացիական շարժումն է, որի երեք անդամները՝ շարժման գործադիր քարտուղար Նաթիգ Ջաֆարևլին, էլշան Գասըմովը և Թորոգուլ Իսմայիլովն անցած շաբաթ ձերբակալվել, ապա կալանավորվել են: «Նիդա» շարժման անդամ Էլգիզ Գահրամանովը նույնպես իրավապահների ուշադրության կենտրոնում է, առայժմ՝ կասկածյալի կարգավիճակում:

Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստների նկատմամբ վերսկսված քրեական հետապնդումները բողոքի ալիք են բարձրացրել միջազգային հանրության շրջանում: Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հայտարարել է, թե «ծայրաստիճան մտահոգված է այդ ձերբակալություններով»: «Հաստատակամորեն կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել ակտիվիստներին»,- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է պետքարտուղարության փոխխոսնակ Մարկ Թոները: «Ադրբեջանի իշխանությունները պետք է չեղարկեն վերջին օրերին ձերբակալված ակտիվիստներին առաջադրված մեղադրանքներն ու անհապաղ, անվերապահորեն ազատ արձակեն նրանց»,- հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը:

Վերլուծաբանների համոզմամբ, ընդամենը մի քանի օրում եռանդուն կերպով պատժիչ գործողություններ իրականացնելով, Ադրբեջանի վարչակարգը հետապնդում է մեկ հստակ նպատակ՝ ապացուցել, որ չեզոքացնելու և վնասազերծելու է բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բողոքի ակցիաներ անցկացնել սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին նախորդող շրջանում:

Ադրբեջանի ընդդիմությունը, սակայն, համառորեն սպառնում է փողոցային պայքարի միջոցով տապալել հանրաքվեն՝ պնդելով, որ Ալիևի նպատակն է՝ օրենքի փոփոխությամբ ամրապնդել իշխանությունն իր ընտանիքի ձեռքում: Այս հայտարարությունների հեղինակներն, ըստ ամենայնի, անպատիժ չեն մնա: Արդեն երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմության առաջնորդներից Ալի Քերիմլին պաշտոնապես հռչակվել է Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի գործակալ:

«Ինտերֆաքս»-ը, վկայակոչելով Ադրբեջանի գլխավոր դատախազության խոսնակ Էլդար Սուլթանովին, հաղորդել է, թե Ադրբեջանի գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի՝ ադրբեջանցի համակիրների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանամետ պարբերականներից մեկը վերջին օրերին գրել էր՝ «Թուրքական իրավապահների կասկածները, որ հենց Քերիմլին կարող էր կատարել Ադրբեջանում Գյուլենի գործակալի դերը, ծագել էին դեռ 2014 թվականին։ Լավատեղյակ աղբյուրների համաձայն, հետաքննությունը Քերիմլիի և Գյուլենի ֆինանսական բուրգի ղեկավար Մուրատ Քըլըչլըի միջև սերտ կապեր է հայտնաբերել»:

Ընդդիմադիր այս գործչին մեղադրում են Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ: Պաշտոնական Անկարան հաստատել է տեղեկությունը, թե Թուրքիայում հեղաշրջման փորձի՝ հաջողությամբ պսակվելու դեպքում, Գյուլենի համակիրները ծրագրել էին հեղաշրջում իրականացնել նաև Ադրբեջանում։ «Հույս չունենաք, թե նման կեղտոտ մեթոդներով կկարողանաք կանխել խաղաղ ցույցերը։ Շատ շուտով ժողովուրդը դուրս կգա փողոց և կտապալի ձեր բոլոր պլանները»,- մեկնաբանելով իր դեմ ուղղված մեղադրանքները՝ հայտարարել է Ալի Քերեմլին:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հիշեցնում է՝ վերջերս շիայական շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն դատարանում հայտարարել է, թե իրենից պահանջել են ցուցմունք տալ այն մասին, որ իբր Ալի Քերիմլին և Ջամիլ Հասանլին (ադրբեջանցի այլ ընդդիմադիր գործիչ) պատրաստվել են հեղաշրջում իրականացնել երկրում։ Քերիմլին իր հերթին հիշեցրել է՝ անցած տարեվերջին էլ պնդում էին, թե իբր ինքը Ադրբեջանում շիաների օգնությամբ հեղաշրջում է նախապատրաստել Իրանի հոգևոր առաջնորդի կարգադրությամբ: Մինչ այդ էլ՝ 2011 թվականին մեղադրում էին, թե իբր «Քերիմլին միաժամանակ համագործակցել է «Ալ-Քաիդա» և «Հզբոլլահ» ծայրահեղական կազմակերպությունների հետ»։

«Չգիտեմ՝ դրանց գլուխը ես եմ փչացրել, թե տոթը։ Ի՞նչ նպատակով են այսքան անհեթեթություններ անում»,- Ֆեյսբուքում նման գրառում է արել ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին ձերբակալություններն ու հետապնդումները վախ սերմանելու նպատակ ունեն։

XS
SM
MD
LG