Մատչելիության հղումներ

Արմեն Լամբարյանի խափանման միջոցը մնաց անփոփոխ


Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանի խափանման միջոցի փոփոխման բողոքարկումը և ուժի մեջ թողեց նրա կալանավորման որոշումը։

Լամբարյանի փաստաբան Իննեսա Պետրոսյանը ասաց, որ նիստը կարճ տևեց, իսկ դատախազը չէր ներկայացել:

Պետրոսյանը քաղաքական է համարում դատարանի որոշումը․ - «Կարծես թե, դատարանները արդեն ունեն հստակ դիրքորոշում․․․ Սա ընդհանուր որոշում է, ինձ թվում է, որ «Սասնա ծռերով» այս պահի դրությամբ որևէ մեկի նկատմամբ նույնիսկ գրավ չեն կիրառում: Եվ սա այն դեպքում, երբ տղաների մեջ մենք ունենք ծանր վիրավորում ստացածներ, տղաներից մի մասի խնամքին են գտնվում մինչև հիմգ անչափահաս երեխաներ»:

Պետրոսյանի խոսքով՝ դատարանը մերժեց նաև Արմեն Լամբարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Փաստաբանը փոխանցեց, որ գործով քննիչը առարկել է՝ պնդելով, որ ազատության մեջ «Սասնա ծռերի» անդամը կարող է խոչընդոտել նախաքննությանը․ - «Արմեն Լամբարյանի հետ այսօր էլ, մինչև դատարան գալը, ես հանդիպում ունեցա, և ևս մեկ անգամ հարցրեցի՝ կցանկանա՞ արդյոք մասնակցել դատական նիստին, ինքը կտրականապես հրաժարվեց՝ ասելով, որ ինքը հետևում է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումներին և գիտի, որ բոլորի նկատմամբ դատարանները նույն որոշումն են կայացնում: Ասեց՝ ես իմաստ չեմ գտնում գալ և ներկայանալ դատարան»:

Այսօր Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ Ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարույր Հայրիկյանը իշխանություններին առաջարկեց երկրի ներսում լարվածությունը թոթափելու նպատակով համաներում հայտարարել։ Հայրիկյանի խոսքով, համաներումը պետք է կիրառվի քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածների հանդեպ․ - ««Սասնա ծռեր», Վոլոդյա Ավետիսյան, նաև Շանթի խումբը: Իհարկե, մեզ համար շատ կարևոր է Կարո Եղնուկյանը․․․ Կարոյին միևնույն է բաց են թողնելու: Կարո Եղնուկյանի գործը բացառիկ անհեթեթ գործ է, նա իսկապես խղճի կալանավոր է»:

Հայրիկյանի խոսքով, անկախության 25-ամյակին «քաղբանտարկյալ» հասկացություն Հայաստանում չպետք է լինի։ Դա, Հայրիկյանի համոզմամբ, շահեկան է նաև երկրի ղեկավարների համար, բայց մինչև այսօր իշխանությունները որևէ քայլ չեն արել, որը ցույց կտա, որ պատրաստ են ազնվական դրսևորումների․ - «Իշխանություններից դժվար է դրական բան սպասել, բայց երբեք մենք իրավունք չունենք Աստծու ստեղծած արարածին չհավատալ, որ նա կարող է մի օր շրջադարձ ապրել: Չէ՞ որ կա ապաշխարհություն, կա Պողոս առաքյալի օրինակը և այլն, և այլն»:

Այսօր «Սասնա ծռերի» աջակիցներ Ֆելիքս Հայրապետյանը, «Արձագանք» երաժշտական խմբի անդամ Եղիշե Պետրոսյանը և Սերգեյ ու Արեգ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը հայտարարեցին «Սասնա ծռեր» հիմնադրամ ստեղծելու մասին։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը կլինի Արմենակ Կյուրեղյանը։ Ասացին, որ հիմնականում նախատեսում են ֆինանսական օգնություն տրամադրել Երևանում հուլիսին Ոստիկանության պարեկապահակային գունդը գրաված «Սասնա ծռերի» անդամների ընտանիքներին։

«Դրա համար մեզ պետք է շատ ակտիվ աջակցություն մեր քաղաքացիների կողմից, մեր հայրենակիցների կողմից, որպեսզի մենք կարողանանք էս աշխատանքները իրականացնենք», - ասաց Արմենակ Կյուրեղյանը:

Հիմնադրամի խորհրդի անդամները ասացին, որ արդեն պաշտոնապես գրանցվել են և փոխանցումներ են ստանում, առաջիկայում կսկսեն օգնություն տրամադրելու գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG