Մատչելիության հղումներ

«Էրեբունի» ԲԿ-ում վիրահատվել են «Սասնա ծռերի»-ից Արամ Մանուկյանն ու Աշոտ Խաչատրյանը


«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը վիրահատված հիվանդների վիճակը գնահատեց բավարար՝ հավելելով, որ 1-2 օր հետո նրանք կտեղափոխվեն «Դատապարտյալների հիվանդանոց»:

Բժիշկը գրեթե բացառեց ոտքերի հրազենային վիրավորում ստացած Պավլիկ Մանուկյանի որդու՝ Արամի, ու Աշոտ Պետրոսյանի հաշմանդամ մնալու ռիսկերը․ - «Կատարվել է հատուկ մետաղային հարթակով ոսկրային բեկորների ֆիքսում և կոտրվածքի ֆիքսում: Եվ սա վերջնական վիրահատություն է: Կարծում եմ, մի քանի օր այս վաղ հետվիրահատական շրջանում դեռևս ինքը [Արամ Մանուկյանը] կմնա «Էրեբունի» բժշկական կենտրոնում, վերակենդանացման բաժանմունքում, որպեսզի մենք հետևենք և նվազացնենք բարդությունները, որը որ կարող է ցանկացած վիրահատությունից հետո տեղի ունենա: Մի քանի օր հետո մենք ձեզ կտեղեկացնենք, թե ինչ պլաններ ունենք հետագա բուժման և ապաքինման պրոցեսում»:

Անդրադառնալով Աշոտ Պետրոսյանի վիրահատությանը՝ Մինասյանն ասաց․ - «Ինչ որ պլանավորել էինք, կատարվել ա, տեղադրվել է նույնպես տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել ա, և կարծում եմ, մեկ-երկու օր հետո հիվանդի լավացման վիճակը կլինի, և մենք արդեն կտեղափոխենք հետագա բուժման դատապարտյալների հիվանդանոց»:

Թեև «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրենը վստահեցնում է, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» պայմանները բավարար են վիրավորների առողջական խնդիրները հոգալու համար, Աշոտ Պետրոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը հակառակն է պնդում՝ հավելելով, որ իրենց բողոքներից հետո միայն չնչին փոփոխություն են նկատել սանիտարահիգիենիկ պայմանների բարելավման առումով․ - «Այն պայմանները, որ մենք տեսնում ենք, թե ինչ պայմաններում են մեր պաշտպանյալները գտնվում, դա տեսնելով հանդերձ պետք չէ մասնագետ լինեն հասկանալու համար․․․ Գուցե կան այլ՝ առանձնացված մասնաշենքեր, սենյակներ, բայց մինչ օրս մեր պաշտպանյալներից և որևէ մեկը չի գտնվել այնպիսի պայմաններում, որը մեզ հույս կտար կամ հավատ կներշնչեր, որ կան այդ պայմանները»:

Հարություն Բաղդասարյանը վիրահատությունից հետո հանդիպել է 22-ամյա Արամ Մանուկյանին, ով, ըստ փաստաբանի, առողջական վիճակից չի դժգոհել: Իր վստահորդներ հայր ու որդի Մանուկյաններին փաստաբան Բաղդասարյանը քաղբանտարկյալներ է համարում․ - «Առավել ևս թե՛ Պավել Մանուկյանը, թե՛ Արամ Մանուկյանը ստացել են հրազենային վնասվածք և էդ ճանապարհով են թողել ՊՊԾ գնդի տարածքը: Բայց, համենայն դեպս, նրանք իրենց գործողությունները որակում են որպես քաղաքական գործողություններ»:

Հիվանդանոցի բակում հավաքված Արամ Մանուկյանի ու Աշոտ Պետրոսյանի հարազատները սակավախոս էին: Միայն Պավլիկ Մանուկյանի կինը խոսեց լրագրողների հետ՝ ասելով, որ որդու հետակնթարթային հանդիպում է ունեցել:

ՊՊԾ գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած «Սասնա Ծռեր» զինված խմբավորման 7 անդամներ գտնվում են «Դտապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Արամ Մանուկյանից ու Աշոտ Պետրոսյանից բացի, առաջիկայում ևս երեքը կվիրահատվեն «Էրեբունի» հիվանդանոցում՝ Պավլիկ Մանուկյանը, Արմեն Լամբարյանն ու Հովհաննես Հարությունյանը:

XS
SM
MD
LG