Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Նալբանդյանը Սագանելիձեին հաջողություն է մաղթել երկու հարևան երկրների միջև գործակցությունն առավել սերտացնելու նրա կարևոր առաքելության մեջ:
Դեսպանը նշել է, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, և ընդգծել է իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։
Քննարկվել են երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առևտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում, անդրադարձ է արվել իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։
Նալբանդյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ Հայաստանի համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը: