Մատչելիության հղումներ

«Ստահոդ լուրերի տարածումը՝ հզոր ռուսական զենք»


Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է «Ռուսաստանն այսօր» մեդիաընկերության ղեկավար Դմիտրի Կիսելյովի և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, Մոսկվա, 7-ը հունիսի, 2016թ.
Ռուսաստան - Նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցում է «Ռուսաստանն այսօր» մեդիաընկերության ղեկավար Դմիտրի Կիսելյովի և գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ, Մոսկվա, 7-ը հունիսի, 2016թ.

Բազմաթիվ կենտրոններ զբաղվում են սուտ լուրեր հորինելով և տարածելով:

«Դաժան ՆԱՏՕ-ն և խեղճ շվեդուհիները»

«Միանա՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»՝ այս հարցի շուրջ Շվեդիայում ծավալված ակտիվ հանրային բանավեճի ընթացքում ի հայտ է եկել մի շատ ուշագրավ գործոն. սոցիալական ցանցերում հրապարակվել են թեման աղավաղված և բացահայտ կեղծ պնդումներով մեկնաբանող աննախադեպ մեծ թվով հրապարակումներ:

The New York Times-ի մեկնաբան Նիլ ՄաքՖարքուարը նշում է դրանցից մի քանիսը․ - «Եթե Շվեդիան միանա ՆԱՏՕ-ին, ապա Հյուսիսատլանտյան դաշինքը այնտեղ կտեղադրի միջուկային զենք և առանց Ստոկհոլմի թույլտվության մի օր հարված կհասցնի Ռուսաստանին, վերջինն էլ, բնականաբար, կպատասխանի: ՆԱՏՕ-ի զինվորները կսկսեն զանգվածաբար բռնաբարել շվեդուհիներին և քրեական հետապնդումից չեն վախենա»:

Բնականաբար, այդ ամենը բացահայտ սուտ է, բայց ավանդական մամուլը արտատպել է սոցցանցերի խենթ մենաբանությունները:

Պաշտպանության նախարար Պետեր Խուլկվիստին այցերի ընթացքում մարդիկ անվերջ հարցրել են՝ «Ճի՞շտ է, որ ՆԱՏՕ-ի զինվորներն անպատիժ բռնաբարելու են մեր կանանց, ճի՞շտ է, որ ՆԱՏՕ-ն այստեղից կհարվածի ռուսներին և նրանց պատասխան հրթիռը մեզ կոչնչացնի»:

Իշխանությունը չի հայտնաբերել ստահոդ տեղեկությունների աղբյուրը, բայց Շվեդիայի, Ամերիկայի և եվրոպական երկրների պատկան ծառայությունների փորձագետների համոզմամբ՝ սարսափ հարուցող լուրերը ռուսներն են տարածում:

«Արտաքին քաղաքականությունը՝ հատուկ գործողության համակարգ»

ՆԱՏՕ-ի ընդարձակումը կանխելու գաղափարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակարգի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:

Ղրիմում, Ուկրաինայի արևելքում, հիմա էլ Սիրիայում Պուտինը ցուցադրում է իր արդիականացված և հզորացած բանակը, սակայն Ռուսաստանը տնտեսապես և ընդհանուր առմամբ թույլ է ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Ամերիկայի հետ բացահայտ առճակատվելու համար և պակասը փորձում է լրացնել պրոպագանդայով:

Այդ նպատակով Պուտինը լուրջ ներդրումներ է անում տեղեկատվական դաշտում, որի առջև դրվում է Արևմուտքը պառակտելու, հանրության շրջանում կասկած և խուճապ սերմանելու խնդիր:

«Մոսկվան համաշխարհային քաղաքականությունն ընկալում է որպես հատուկ գործողությունների համակարգ և ամենայն անկեղծությամբ հավատում է, որ ինքն, իր հերթին, արևմտյան հատուկ գործողության օբյեկտ է», - ասել է ռուսաստանցի վերլուծաբան Գլեբ Պավլովսկին, ով մինչև 2008 թվականը զբաղվել է Կրեմլի «տեղեկատվական մեքենան» ստեղծելու հարցով:

«Ես համոզված եմ, որ կան պետության հետ առնչություն ունեցող բազմաթիվ կենտրոններ, որոնք մասնակցում են սուտ լուրեր հորինելու և տարածելու խնդրով»,- ասել է նա:

Ռուսաստանը ԽՍՀՄ-ից անհամեմատ ակտիվ է կիրառում դեզինֆորմացիան

The New York Times-ի փոխանցմամբ, ապատեղեկատվությունը Ռուսաստանի ռազմական դոկտրինի կարևոր ոլորտն է: Սովետական ԿԳԲ-ի համեմատությամբ ռուսական հատուկ ծառայությունները դեզինֆորմացիան անհամեմատ ակտիվ, հմուտ և ընդարձակ են կիրառում: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ստեղծել են հատուկ վարչություններ դրան հակազդելու համար:

Ամերիկայում ենթադրում են, որ ռուս ծրագրավորողներն են գողացել Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի էլեկտրոնային նամակները:

«Կրեմը դեզինֆորմացիայի համար օգտագործում է թե՛ ավանդական ԶԼՄ-ները, «Սպուտնիկ» գործակալությունը և Russia Today հեռուստակայանը, և թե՛, ինչպես Շվեդիայի դեպքում էր, գաղտնի խողովակները, որոնք գրեթե անհնար է բացահայտել», - գրում է The New York Times-ը:

Մարդիկ պետք է ապակողմնորոշվեն, իսկ տվյալ երկրի քաղաքական կյանքը՝ կաթվածահար լինի, սա է դեզինֆորմացիայի գերագույն նպատակը:

Մոսկվան, իհարկե, հերքում է այդ մեղադրանքները:

Ինչպես է սուտը դառնում «հավաստի տեղեկություն»

Մինչդեռ, Շվեդիայի և այլ երկրների փորձագետները ուշագրավ օրինաչափություն են նկատում՝ ինչ-որ մի թեզ նախ լույս է տեսնում ռուսական պետական ինտերնետային կայքում, տարածվում է, դառնում է նորության առիթ, հոդվածի տեսքով տպագրվում է աջակողմյան կամ ձախակողմյան կայքերում:

«Նա, ով լուրեր է ստանում կայքից, սկսում է տարածել կոնկրետ հոդվածի հղումը, ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե որտեղից է եկել ինֆորմացիան, բայց այն արդեն առանցքային նշանակություն է ստանում անվտանգության ոլորտում քաղաքական որոշում կայացնելու գործում», - ասել է շվեդ լրագրող և իրավաբան Անդերս Լինդբերգը:

Լրագրող Պատրիկ Օկսանենը նշում է, թե որն է ռուսական դեզինֆորմացիայի կարևոր նպատակներից մեկը՝ ապացուցել, որ «լիբերալ դեմոկրատիան կոռումպացված է, քաոսային է, արդյունավետ չէ, հետևաբար՝ ժողովրդավարական չէ»:

Մեկ ուրիշ գաղափար, որը ռուսները ցանկանում են ներշնչել Արևմուտքի բնակիչներին, այն է, որ «եվրոպական կառավարությունները կոմպետենտ չեն, իսկ եվրոպացի քաղաքական գործիչները Վաշինգտոնի խամաճիկներ են»:

Ե՛վ «Սպուտնիկ»-ը, և՛ Russia Today-ը ներկայանում են որպես անկախ և այլընտրանքային աղբյուրներ, բայց երկուսն էլ Արևմուտքը նկարագրում են որպես «փտած, պառակտված, դաժան, ոչ կայուն աշխարհ, որտեղ վխտում են արնախում միգրանտները»:

Չեկիստները նույնիսկ հայթայթել են Շվեդիայի պաշտպանության նախարարի բլանկը

Ըստ The New York Times-ի, կոնկրետ Շվեդիայի դեպքում ստահոդ լուրերի հեղինակները վերջերս բացահայտ կեղծիքի են դիմել՝ տարածվել է մի տեղեկություն, թե իբր կառավարությունը շվեդական խոշոր ընկերությանը հորդորում է հրետանի վաճառել Ուկրաինային:

Ընդ որում, այդ գոյություն չունեցող նամակի տեքստը հայտնվել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Խուլկվիստի պաշտոնական բլանկի վրա: Իրականում Շվեդիայի օրենքը պարզապես արգելում է այդ կարգի վաճառքը:

Առնվազն մեկ անգամ էլ Ռուսաստանը փորձել է ազդել Շվեդիայում ՆԱՏՕ-ի շուրջ ընթացող հանրային քննարկումների վրա՝ Ռազմական հետազոտությունների ռուսաստանյան կենտրոնի փորձագետ Վլադիմիր Կոզինը քննարկումների ընթացքում բացահայտ սպառնացել է Շվեդիայի համար ծանր հետևանքներով այն դեպքում, եթե այդ երկիրը համարձակվի միանալ ՆԱՏՕ-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG