Մատչելիության հղումներ

Ուզբեկստանի նախագահը վերակենդանացման բաժանմունքում է


Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, արխիվ
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմով, արխիվ

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դուստրը՝ Լոլա Քարիմովա-Տիլյաևան հայտարարել է, որ իր հայրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ուղեղի արյունազեղման հետևանքով, և այսօր բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն։

«Կանխատեսումներ ապագայի վերաբերյալ այս պահին դժվար է անել։ Ես դիմում եմ մարդկանց մեծ խնդրանքով՝ հարգել մեր ընտանիքի անձնական կյանքի գաղտնիության իրավունքը», - Instagram-ում գրել է Լոլա Քարիմովա-Տիլյաևան։

Ավելի վաղ Ուզբեկստանի պաշտոնական աղբյուրները ևս հայտնել էին, որ երկրի 78-ամյա նախագահը հիվանդանոց է տեղափոխվել։

«Մասնագետների կարծիքով՝ ամբողջական բժշկական հետազոտությունը և հետագա բուժումը որոշակի ժամանակ կպահանջի», - նշված է կառավարության հաղորդագրությունում։

Պաշտոնական Տաշքենդը չէր հստակեցնում, թե ինչի համար է Ուզբեկստանի նախագահը բուժհիմնարկ տեղափոխվել:

Սովորաբար Քարիմովի առողջական վիճակի մասին նրա գլխավորած երկրում պաշտոնական հայտարարություններ չեն արվում: Այս լուրը, որ հաղորդվել էր երեկ, դարձել էր միջազգային լրահոսի հիմնական թեմաներից մեկը։

Իսլամ Քարիմովը զբաղեցնում է Ուզբեկստանի նախագահի աթոռը երկրի անկախացումից ի վեր՝ 1991 թվականից սկսած, իսկ մինչ այդ 1989-ից սկսած ղեկավարում էր խորհրդային Ուզբեկստանը։

Փորձագետների կարծիքով՝ նա ստեղծել է Հարավային Ասիայի ամենակայուն տոտալիտար հանրապետություններից մեկը, որը փորձում է Մոսկվայից անկախ քաղաքականություն վարել: Այսպես, Ուզբեկստանը չի անդամակցում Եվրասիական տնտեսական միությանը, ավելին՝ 2012-ին սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Թյուրքալեզու Ուզբեկստանում մեծ է թուրքական ազդեցությունը:

ԱՊՀ երկրների փորձագետ Արկադի Դուբնովը գրում է, որ հետխորհրդային այդ երկրում լուրջ ընդդիմություն չկա: «78-ամյա Քարիմովի հիմնական հակառակորդներ կարելի է համարել իսլամիստներին, Քարիմովը ռեժիմը պարզապես ձերբակալում է արմատական մահմեդականներին։ Իսկ քաղաքական հակառակորդ համարվում է բանաստեղծ Մուհամադ Սալիխը, ով 1991-ի նախագահական ընտրություններին Քարիմովի մրցակիցն էր և հավաքել էր ձայների 13 տոկոսը», - նշում է փորձագետը։

Իսկ շարքային ուզբեկստանցիները, ըստ Դուբնովի, Քարիմովին համարում են երկրի կայունության երաշխավորը։

Ով կարող է լինել Քարիմովի ժառանգորդը և արդյոք նրան կհաջողվի պահպանել կայունությունը երկրում՝ սա այսօր ամենից շատ հնչող հարցն է Ուզբեկստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG