Մատչելիության հղումներ

Թուրքական զինուժի ներխուժումը Սիրիա սաստկացրել է թուրք-քրդական բախումները


Ջիզրեի հարձակումից հետո, 26-ը օգոստոսի, 2016 թ․
Ջիզրեի հարձակումից հետո, 26-ը օգոստոսի, 2016 թ․

Ռեջեփ Էրդողանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ջիզրեի արյունալի հարձակումը տեղի ունեցավ Սիրիայի տարածքում թուրքական զորքերի գործողություների մեկնարկից անմիջապես հետո:

«Ոչ մի ահաբեկչական խմբավորում չի կարող գերի վերցնել Թուրքիայի Հանրապետությունը։ Մենք լայնածավալ պատերազմ ենք սկսել բոլոր ահաբեկչական խմբավորումների դեմ։ Ինչպես ասում էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը՝ անկախություն, կամ մահ»,- այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ դատապարտելով վաղ առավոտյան թուրքական Ջիզրե բնակավայրում տեղի ունեցած հերթական արյունալի հարձակումը։

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի վարչապետը հավաստիացրել է, թե 79 միլիոնանոց ժողովրդի եղբայրության և միասնականության դեմ հարձակումների հեղինակներն արժանի պատասխան կստանան։ «Մենք շարունակելու ենք մեր գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ 100 տոկոսով չենք ապահովել մեր սահմանների անվտանգությունը, մեր քաղաքացիների կյանքի և գույքի ապահովությունը, տարածաշրջանից չենք մաքրել «Իսլամական պետությունը» և մյուս ահաբեկչական տարրերը»,- նշել է Յըլդըրըմը։

Այսօր վաղ առավոտյան Թուրքիայի հարավ-արևելյան քրդաբնակ Շըրնաք նահանգի Ջիզրե գավառում պայթեցվել է տեղի ոստիկանական բաժանմունքը։ Պայթյունն իրականացվել է բաժանմունքից 50 մետր հեռավորության վրա գտնվող պայթուցիկով լի բեռնատարի միջոցով։ Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի փոխանցմամբ՝ պայթյունի հետևանքով 11 հոգի զոհվել է, 78-ը՝ վիրավորվել, որոնց թվում 3-ը՝ քաղաքացիական անձինք։ Թուրքիայի իշխանությունները կատարվածի համար անմիջապես Քուրդիստանի բանվորական կուսակցությանն են մեղադրել, թեև դեռևս ոչ մի կառույց չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը։

Ջիզրեում տեղի ունեցած ահաբեկչությունը դատապարտող հայտարարությամբ այսօր հանդես է եկել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Վերջինս ուշադրություն է հրավիրել հետևյալ հանգամանքի վրա՝ ահաբեկչությունը տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ թուրքական զորքերը Սիրիայի տարածքում ռազմական գործողություններ են իրականացնում։ Էրդողանն ընդգծել է՝ «Ոչ ոք թող չկասկածի, որ թուրք ժողովուրդը միասնաբար հաղթահարելու է բոլոր դժվարություններն ավելի մեծ վճռականությամբ»։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, դիմելով ահաբեկչության հեղինակներին, իր թվիթերյան էջում գրել է՝ «Ձեզ չի հաջողվելու Թուրքիային ծնկի բերել»։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայի տարբեր շրջաններում՝ Մարդինում, Վանում, Էլազըղում, Դիարբեքիրում, Գազիանթեփում տեղի ունեցած պայթյունների հետևանքով շուրջ 100 ոստիկան և քաղաքացի է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։

Թուրքական իշխանություններն այս բոլոր ահաբեկչական գործողությունների համար մեղադրում են Քուրդիստանի բանվորական կուսակցությանը։ Թուրքիայի հետ սահմանին գտնվող սիրիական Ջարաբլուս քաղաքի մերձակայքում թուրքական զինուժի կողմից օրերս սկսված ռազմական գործողությունները սաստկացրել են թուրք-քրդական բախումները։ Պաշտոնական Անկարայի հավաստմամբ՝ Սիրիա մտնելու նպատակը Թուրքիայի սահմանամերձ տարածքը իսլամիստ ահաբեկիչներից մաքրելն է: Սիրիայի քրդերը, մինչդեռ, հակառակն են պնդում ՝ Անկարան ընդամենն օգտագործում է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակը՝ իրենց դիրքերը թուլացնելու համար:

«Եփրատի վահան» անվանումը ստացած թուրքական գործողության գլխավոր նպատակը, ըստ էության, կանխելն է քրդերի անցումը Եփրատի արևելյան ափ։ Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են՝ երբեք թույլ չեն տա քրդերին՝ պետություն ստեղծել Սիրիայի հյուսիսում։

Ի դեպ, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն այսօր նաև ասել է, թե Անկարան պաշտպանում է նաև Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ «Այդ ահաբեկչական խմբավորումների նպատակը անջատողական գործողություններն են և Թուրքիայում, և Սիրիայում, այդ տարածքներում, այսպես կոչված, պետություն ստեղծելը։ Նրանք այդպիսի երազանք ունեն, որին երբեք չի հաջողվելու հասնել»,- հայտարարել է Յըլդըրըմը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG