Մատչելիության հղումներ

Պաշտպաններ. Սանասարյանն ու Ղուկասյանը քաղաքական հետապնդման են ենթարկվում


Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 29-ի երթի ժամանակ, Երևան, 2016թ.
Դավիթ Սանասարյանն ու Անդրիաս Ղուկասյանը հուլիսի 29-ի երթի ժամանակ, Երևան, 2016թ.

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի և «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի փաստաբաններ Ռոբերտ Ռևազյանը և Լուսինե Սահակյանը հայտարարում են՝ իրենց պաշտպանյալները «քաղաքական հետապնդման են ենթարկվում»։

Ղուկասյանն ու Սանասարյանը, հիշեցնենք, ձերբակալվել, ապա կալանավորվել են հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո։ Նրանք մեղադրվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

«Եթե նայում ենք, թե ինչպիսի մեղադրանք է առաջադրված Դավիթ Սանասարյանի նկատմամբ՝ ոստիկանների ցուցմունքը, թե իբր Դավիթ Սանասարյանը բորբոքել է հանրությանը, որպեսզի քարեր վերցնեն, նետեն ոստիկանների ուղղությամբ, ճեղքեն ոստիկանական պատը, գնան, միանան «Սասնա ծռեր»-ին։ Բայց գործի նյութերում, այդքան տեսագրություններ կա, տասնյակ լրատվամիջոցներ աշխատում էին ուղիղ եթերով, մի տեսանյութ չկա՞ր, որպեսզի երևար, որ նման հայտարարություն են արել, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանը», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանը՝ նշելով, որ Սանասարյանի նկատմամաբ հստակ հետապնդում է իրականացվում։

«Սա չորրորդ դեպքն է, երբ իր նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ ազատազրկում է կիրառվել։ Առաջին անգամ հուլիսի 17-ին են իրեն բերման ենթարկել, երկրորդը՝ հուլիսի 18-ին են նորից բերման ենթարկել, որտեղ դաժան ծեծի ու խոշտանգման է ենթարկվել և, ի թիվս այլ վնասվածքների, ուղեղի ցնցում է ստացել, հետո հուլիսի 27-ին են նորից իրեն բերման ենթարկել, հետո հուլիսի 29-ին իրեն արդեն բերման են ենթարկում, ձերբակալում են այն մեղադրանքով, որ ինքը հուլիսի 27-ին ապօրինի հավաք է կազմակերպել ու անցկացրել, այն դեպքում, երբ ինքն այդ ժամանակ ընդհանրապես բերման ենթարկված է եղել, ֆիզիկապես չէր էլ կարող նա այդ արարքն անել», - ասաց Ռևազյանը։

Փաստաբան Լուսինե Սահակյանն, անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի կալանավորմանը, հայտարարեց, որ Ղուկասյանը «քաղաքական հետապնդման զոհ է, քաղբանտարկյալ է»։

«Նա այժմ գտնվում է անազատության մեջ, որովհետև բազմիցս նրան հորդորել են, որպեսզի նա չմասնակցի հավաքներին և նույնիսկ նրան նախազգուշացրել էին, որ, եթե նա շարունակի մասնակցել հավաքներին, ապա կհայտնվի անազատության մեջ։ Այստեղ արդեն նրանք իրենց խոստումն էլ են կատարել, և իհարկե, ես համամիտ եմ, որ այս գործում քաղաքական որոշումներն են կարևոր և, ըստ էության, անձանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետությունում, նմանատիպ գործերով, ուղղակի անհնար է։ Բայց ասեմ, որ կարևորում եմ նրանց իրավունքների պաշտպանությունն այնքանով, որքանով որ կոնկրետ Անդրիաս Ղուկասյանը շատ հետևողական է լինելու իր իրավունքների պաշտպանության հարցում և նա կանգ չի առնում, նա պատրաստվում է սպառել բոլոր դատական ատյաններն ու դիմել Եվրոպական դատարան», - ասաց պաշտպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG