Մատչելիության հղումներ

Ընտրողների քվեները շահելու համար «Եդինայա Ռոսիա»-ն օգտագործելու է Պուտինի ձայնը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Մոսկվայի քաղաքային դումայի ընտրություններին, արխիվ

Պետդումայի ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել տասնյակից ավելի կուսակցութուններ, այդ թվում՝ ընդդիմադիր «Պառնաս»-ը և «Յաբլոկո»-ն:

Ռուսաստանի Պետդումայի՝ սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրությունները կանցկացվեն խառը համակարգով՝ մեծամասնական-համամասնական: Ընդ որում, իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն ակնկալում է մեծամասնություն ապահովել, նախ և առաջ, կուսակցական ցուցակներով ընտրության պարագայում:

Դումայի ընտրություններին մասնակցելու են տասնյակից ավելի կուսակցություններ, այդ թվում՝ ընդդիմադիր «Պառնաս»-ը և «Յաբլոկո»-ն: «Պառնաս»-ի առաջնորդ՝ Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովն իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է՝ «Սխալ են նրանք, ովքեր կարծում են, թե պետք չէ մասնակցել ընտրություններին: Մասնակցել պետք է, քանի որ ընտրությունների ինստիտուտը Պուտինի ինստիտուտը չէ, դա մեր՝ ժողովրդավարական գաղափարախոսության կրողների ինստիտուտն է: Եվ այն, որ «Պառնաս»-ն այսօր կարող է մասնակցել Պետդումայի ընտրություններին, դա ոչ թե Պուտինի շնորհիվ է, այլ եվրոպական ինստիտուտների շնորհիվ: Բորիս Նեմցովի հետ մենք 10 տարի պայքարել ենք ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենալու համար»։

Իրենց ելույթներում ռուսաստանցի ընդդիմադիրներն ամենից հաճախ անդադառնում են սոցիալ-տնտեսական հարցերի: «Այս իշխանությունների սխալ քաղաքականության շնորհիվ է, որ երկրի տնտեսությունն այսօր այսպիսի տխուր վիճակում է, Պուտինի և նրա թիմակիցների շնորհիվ է, որ ռուսաստանցիներն այսօր աղքատանում են»,- հայտարարել է Կասյանովը: Ի դեպ, ավելի վաղ նա հայտնել է 2018-ի նախագահական ընտրություններին մասնացելու՝ իր մտադրության մասին։

Չնայած որոշակի ակտիվացմանը, ռուսաստանյան լիբերալ ընդդիմությանն այդպես էլ չի հաջողվել միավորել ուժերը: «Յաբլոկո»-ն ու «Պառնաս»-ն, այդուհանդերձ, համաձայնել են աջակցել միմյանց։ Իշխող «Եդինայա Ռոսիան» և այսօրվա Դումայում ներկայացված, այսպես կոչված, համակարգային ընդդիմությունն ընտրողների աջակցությունը ստանալու համար տարբեր հնարքների են դիմում։

Կոմունիստներն, օրինակ, որոշել են իրենց քարզչության ընթացքում օգտագործել բռնապետ Ստալինի պատկերը, քանի որ նա մինչ օրս մեծ հեղինակություն է վայելում հատկապես տարեց ռուսաստանցիների շրջանում։ Դե իսկ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունն իր քարոզչական հոլովակներում մտադիր է օգտագործել նախագահ Պուտինի ձայնը՝ տարբեր ժամանակներում նրա արած հայտարարություններից:

Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանում արևմտյան պատժամիջոցների և նավթի ցածր գների հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամն իր անդրադարձն է ունենում ռուսաստանյան ընտրությունների վրա: Այսպես՝ ընտրություններից մեկ ամիս առաջ Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունը կրճատել է ընտրություններին հատկացվելիք գումարի չափը։ ԿԸՀ-ն էլ, իր հերթին, կրճատել է քարոզչական գովազդին տրամադրվելիք ֆինանսավորումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG