Մատչելիության հղումներ

Վարչապետն այցելել է Լոռու մարզ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, Հովիկ Աբրահամյանը այցելել է Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, Վանաձորի նախկին ճոպանուղու տարածք, որտեղ Հովիկ Աբրահամյանին են ներկայացվել ճոպանուղու վերագործարկման հետ կապված ծրագրերն ու խնդիրները: Այնուհետև վարչապետ Աբրահամյանին է ներկայացվել Վանաձորի հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքների ընթացքը: Վարչապետ Աբրահամյանն այցելել է նաև Վանաձորի «Ավտոգեն Մ» մեքենաշինական գործարան:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Լոռու մարզում առաջիկայում իրականացվելու են բազմաթիվ ծրագրեր: Մասնավորապես, Վանաձորում սկսվելու են թիվ 11 մանկապարտեզի վերակառուցման և թիվ 7 միջնակարգ դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, ընթացքի մեջ են հիվանդանոցային համալիրի կառուցման աշխատանքները, որոնց նպատակով պետական բյուջեից հատկացվել են միջոցներ: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ասիական բանկի տրամադրած միջոցներով Լոռու մարզում կյանքի են կոչվելու ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ ծրագրեր. միայն Վանաձորում իրականացվելու է 20 մլն դոլարի ներդրում՝ բազմաթիվ ուղղություններով:

Վանաձորից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է Ստեփանավանի տարածաշրջանի 39,6 կիլոմետր երկարությամբ Ագարակ-Օձուն-Մ-6 ավտոճանապարհի հիմնանորոգված հատված: Ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 3.5 մլրդ դրամ, որից 700 մլն դրամը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, մնացած միջոցները ներգրավվել են Համաշխարհային բանկից: Կառավարության ղեկավարը նշել է, որ ճանապարհների կառուցումն ունի սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն և վստահություն հայտնել, որ գրեթե 40 կմ երկարություն ունեցող այս ճանապարհը կնպաստի հարակից համայնքների տնտեսական զարգացմանը:

Վարչապետը հանդիպել է նաև Յաղդան համայնքի բնակիչներին, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել մի շարք հարցերի:

Կառավարության ղեկավարն այցելել է Ստեփանավանի պոլիկլինիկա, որտեղ իրականացվելու են հիմնանորոգման աշխատանքներ: Վարչապետը եղել է նաև Գյուլագարակ համայնքում: Այստեղ ընթացքի մեջ են մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Այդ նպատակով ներդրվել է շուրջ 200 մլն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG