Մատչելիության հղումներ

Փորձագետները բարձր են գնահատում ռուս-ուկրաինական նոր պատերազմի հնարավորությունը


Պետրո Պորոշենկո և Վլադիմիր Պուտին, արխիվ
Պետրո Պորոշենկո և Վլադիմիր Պուտին, արխիվ

Կիևն ու Մոսկվան փոխադարձաբար միմյանց մեղադրում են իրավիճակի սրմանն ուղղված քայլեր անելու մեջ:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը խորանում է, փորձագետներն արդեն ահազանգում են, որ նոր պատերազմի հավանականությունը բավական բարձր է: Ուկրաինայի անվտանգության ծառայությունն ահաբեկչության վտանգի կարմիր՝ ամենաբարձր աստիճանն է սահմանել Դոնեցկի, Լուգանսկի և Ղրիմի համար: Այդ շրջաններն Ուկրաինան մինչ օրս իրենն է համարում:

Ահաբեկչության վտանգի դեղին աստիճան է սահմանված նշված շրջանների հարևանությամբ գտնվող Զապորոժյեի, Նիկոլաևի, Օդեսայի, Խերսոնի և մի շարք այլ շրջանների համար։ Անվտանգության ծառայության հաղորդագրությունում նշված է, որ ձեռք առնված արտակարգ միջոցառումների պատճառը Ղրիմի հետ սահմանին այս օրերին առաջացած լարվածությունն է։

Երեկ երկրի նախագահ Պետրո Պորոշենկոն հրամայել է Ղրիմի մերձակայքի, ինչպես նաև Դոնբասի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները բերել մարտական պատրաստականության։ Իսկ այսօր Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, թե ստեղծված իրավիճակի պատճառով Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել: Պաշտոնական Մոսկվան ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորության մասին:

Երեկ երեկոյան կայացել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի փակ նիստ՝ Ղրիմում ստեղծված իրավիճակի հարցով։ Նիստից հետո ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն ասել է, թե Անվտանգության խորհրդի նիստին ռուսական կողմը չի ներկայացրել որևէ լուրջ ապացույց այն մասին, որ Ուկրաինայի հատուկ ծառայություններն ինչ-որ դիվերսիոն գործողություններ են նախապատրաստում Ղրիմում։ Ուկրաինացի դիվանագետը նաև հայտարարել է՝ Անվտանգության խորհուրդը միանշանակ արձանագրել է, որ Ղրիմը Ուկրաինայի տարածքն է։

Ելչենկոն նաև պնդել է, որ Ղրիմի և Ուկրաինայի սահմանին մեծ թվով ռուսական ռազմական ստորաբաժանումներ են կենտրոնացվել: Ուկրաինացի դիվանագետի փոխանցմամբ՝ այնտեղ այսօր շուրջ քառասուն հազար ռուսաստանցի զինծառայող կա։ ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վիտալի Չուրկինը հերքել է այդ տեղեկությունը, կայացած նիստն էլ օգտակար է համարել։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ ԱԳ նախարարությունը և հատուկ ծառայությունները պաշտոնական Կիևին մեղադրում են Ղրիմում դիվերսիոն գործողություններ նախապատրաստելու մեջ՝ սպառնալով պատասխան քայլերով: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմում ահաբեկչության մեջ կասկածվող մի տղամարդու հարցաքննության տեսագրություն է հրապարակել: Դրանում Եվգենի Պանով անունով ներկայացող մի տղամարդ ասում է, թե ինքն Ուկրաինայի քաղաքացի է և պատմում, որ նախկինում մասնակցել է ռազմական գործողությունների Դոնբասում։ Տղամարդը նաև պնդում է, որ Ուկրաինայի կենտրոնական հետախուզական գլխավոր վարչության հանձնարարությամբ նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Ղրիմում։

Անցած չորեքշաբթի Ռուսաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել էր, թե օգոստոսի 7-ին Արմյանսկ քաղաքում ուկրաինացի մի խումբ անձանց է ձերբակալել, ովքեր, իբր, պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ղրիմում: Ռուսական կողմի տվյալներով՝ սահմանային գոտում արձանագրված միջադեպերի հետևանքով երկու ռուս զինծառայող է սպանվել, այդ թվում՝ Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ:

Պաշտոնական Կիևը հերքում է այդ բոլոր մեղադրանքները՝ անհիմն որակելով դրանք: Երեկ Ուկրաինային և Ռուսաստանին ուղղված՝ լարվածությունը մեղմելու կոչով է հանդես եկել Միացյալ Նահանգները։ Պետքարտուղարությունը հայտարարել է, թե խիստ մտահոգված է սահմանին ստեղծված իրավիճակով: Պաշտոնական Վաշինգտոնը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինայի տարածք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG