Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի ԱԽ նիստ՝ Ղրիմում ստեղծված իրավիճակի հարցով


Ռուսաստանը ռազմածովային վարժանքներ է անցկացնում Սև ծովում, 11-ը օգոստոսի, 2016թ.

Ռուսաստանը ռազմածովային վարժանքներ է անցկացնում Սև ծովում, 11-ը օգոստոսի, 2016թ.

Երեկ երեկոյան կայացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստը՝ Ղրիմում ստեղծված իրավիճակի հարցով։

Երեկ նման խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ-ին էր դիմել ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն՝ նշելով որ Ուկրաինան պատրաստ է «նույնիսկ գիշերվա կեսին» ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի անցկացմանը:

Նիստից հետո Ելչենկոն ասել է, որ ռուսական կողմը Անվտանգության խորհրդի նիստին որևէ լուրջ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ Ուկրաինայի հատուկ ծառայությունները ինչ-որ դիվերսիոն գործողություններ էին նախապատրաստում Ղրիմում։

Ելչենկոն մտահոգությունն է հայտնել Ղրիմի և Ուկրաինայի սահմանին ռուսական մեծ թվով ռազմական ստորաբաժանումների կուտակման փաստով։ Ուկրաինացի դիվանագետի փոխանցմամբ, այնտեղ շուրջ 40 հազար ռուսաստանցի զինծառայող կա այսօր։

Ելչենկոն նաև հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդն արձանագրել է՝ Ղրիմը Ուկրաինայի տարածք է։

Ռուսաստանի դեսպան ՄԱԿ-ում Վիտալի Չուրկինը հերքել է տեղեկությունն այն մասին, որ սահմանին մեծ թվով ռուսաստանցի զինծառայողներ են հավաքված և կայացած նիստը օգտակար է որակել։

Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի արտգործնախարարությունը և հատուկ ծառայությունները պաշտոնական Կիևին մեղադրում են Ղրիմում դիվերսիաներ նախապատրաստելու մեջ և սպառնում են պատասխան գործողություններով։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) Ղրիմում ահաբեկչության մեջ կասկածվող Ուկրաինայի մի քաղաքացու հարցաքննման տեսագրություն է տարածել։ Տեսագրությունում Եվգենի Պանով անուն-ազգանունով մի տղամարդ ներկայանում է որպեսզ Ուկրաինայի քաղաքացի և պատմում, որ նախկինում Դոնբասում մասնակցել է ռազմական գործողություններին:

Նա տեսագրությունում պնդում է, որ Ուկրաինայի կենտրոնական հետախուզական գլխավոր վարչության հանձնարարությամբ նախապատրաստում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել Ղրիմում։

Հիշեցնենք, չորեքշաբթի օրը Ռուսաստանի ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ուկրաինացի մի խումբ անձանց է ձերբակալել, ովքեր պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Ղրիմում։ Պաշտոնական Կիևը բոլոր այս մեղադրանքներն անհիմն է համարում և հերքում։

Երեկ Ուկրաինային և Ռուսաստանին լարվածությունը նվազեցնելու կոչով դիմել է Միացյալ Նահանգները։ Պետքարտուղարությունը հայտարարել է, որ չափազանց մտահոգված է սահմանին ստեղծված իրավիճակով։ Պաշտոնական Վաշինգտոնը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինայի տարածք։

XS
SM
MD
LG