Մատչելիության հղումներ

Երկու մարդ է ձերբակալվել Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար


Հատուկ Քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ շարունակվում է 2016 թվականի հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

«2016 թվականի օգոստոսի 10-ի դրությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ենթադրյալ հանցագործության հետևանքով տուժել է 20 լրագրող, որոնցից 17-ը քրեական գործով արդեն ճանաչվել են տուժող և հարցաքննվել են: Նրանց առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Երկու լրագրող դեռևս չի ներգրավվել քննությանը՝ քաղաքից բացակայելու պատճառով, ևս մեկը հայտարարել է, որ այդ օրն իրեն որևէ վնաս չի պատճառվել», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն տեղեկացնում է, որ հիշյալ դեպքերի ընթացքում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու կասկածանքով այսօր ձերբակալվել են երկու քաղաքացիներ:

«Հատուկ քննչական ծառայությունը և նրա հետ համագործակցող իրավապահ մյուս մարմինները շարունակում են ձեռնարկել դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցանք կատարած անձանց նույնականացնելու և հայտնաբերելու համար անհրաժեշտ ինչպես քննչական ու դատավարական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական բոլոր հնարավոր միջոցները», - ասված է հաղորդագրությունում:

ՀՔԾ-ն միաժամանակ հորդորում է հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող այլ անձանց, այդ թվում՝ ենթադրաբար տուժած, սակայն այդ մասին դեռ չհայտնած լրագրողներին համագործակցել քննության հետ, նախաքննության մարմնին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած ցանկացած նյութ կամ տեղեկություն, որը կարող է նպաստել համակողմանի և արագ քննության իրականացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG