Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյան. Հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու ճանապարհային քարտեզ


Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ի նամակին։

Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր արձագանքել է «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի՝ օգոստոսի 6-ի նամակին։

Ֆեյսբուքյան իր էջում Փաշինյանը գրել է․ - «Հուլիսի 22-ին Խորենացի փողոցում ունեցած ելույթում առաջ քաշեցի հետևյալ տրամաբանությունը. ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման երկու պատկերացում կա առաջադրված. «Սասնա ծռերն» ասում է, որ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, Սերժ Սարգսյանն ասում է, որ «Սասնա ծռեր»-ը պետք է վայր դնի զենքերը: Քանի որ ճգնաժամը Հայաստանի համար լրջագույն վտանգներ էր պարունակում, առաջարկեցինք, որ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի դիրքորոշում արտահայտի «Սասնա ծռեր»-ի և Սերժ Սարգսյանի առաջ քաշած տարբերակների կապակցությամբ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրեց «Սասնա ծռեր»-ի առաջ քաշած տարբերակը: Ասացինք նաև, որ մեզ պատասխանատու ենք համարում, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի կողմնակից քաղաքացիները հրապարակում իրենց կամքը անարգել արտահայտելու հնարավորություն ունենան՝ Երևանում և մարզերում: Սրա համար հարկավոր է, որ հավաքներն անցնեն առանց պրովոկացիաների, բախումների, որպեսզի հրապարակ գալու հետ կապված մարդկանց հնարավոր մտավախությունները հասնեն նվազագույնի»:

Փաշինյանը նշում է, որ այս քաղաքական օրակարգը և անելիքը ձևակերպելու հաջորդ օրը պարզվեց, որ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռեր»-ը Սերժ Սարգսյանի հետ քննարկում են ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման այնպիսի տարբերակ, որը չի ներառում Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց ներառում է «Սասնա ծռեր» խմբի հանձնվելը իշխանություններին, այսինքն՝ զենքերը վայր դնելը:

Այս պնդման հիմնավորումների համար Փաշինյանը վկայակոչում է զինված խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի հուլիսի 24-ի ասուլիսը, որտեղ նա խոսում է խորհրդապահական կարգով քննարկվող մի տարբերակի մասին, համաձայն, որի «Սերժ Սարգսյանը ոչ թե հրաժարական է տալիս, այլ նրա լիազորությունները կրճատվում են», Ալեք Ենիգոմշյանի՝ հուլիսի 25-ի հարցազրույցը, որտեղ նա ասում է, որ «Վիտալի Բալասանյանի խոսքը խեղաթյուրում է իրականությունը և Ժիրայր Սեֆիլյանը ուղղակիորեն չի ասել, որ ինքը այսուհետև չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը», Ժիրայր Սեֆիլյանի՝ հուլիսի 31-ի և օգոստոսի 6-ի նամակները, որոնցից, ըստ պատգամավորի, ակնհայտ է դառնում, որ Ժիրայր Սեֆիլյանը բանակցել է «Սասնա ծռեր»-ի կողմից զենքերը վայր դնելու վերաբերյալ՝ առանց Սերժ Սարգսյանի հրաժարականի։

«Այսպիսով՝ Ժիրայր Սեֆիլյանը և «Սասնա ծռեր»-ը հրաժարվեցին ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականով հանգուցալուծելու իրենց բարձրացրած և մեր կողմից քաղաքականապես ձևակերպված տարբերակից և ընտրություն կատարեցին զենքերը վայր դնելու օգտին. (հիմա ակնհայտ է, որ եթե չլիներ «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների դիմադրությունը, զենքերը վայր էին դրվելու ավելի վաղ)», - գրել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Նման պայմաններում ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մեր առաջ քաշած սցենարն ու ճանապարհային քարտեզը դառնում էր անիրագործելի՝ Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր»-ի քաղաքական ղեկավարների դիրքորոշումների փոփոխության պատճառով: Ի դեպ, ուզում եմ նշել, որ Ժիրայր Սեֆիլյանն ու իր ընկերները Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից հրաժարվել էին ոչ թե ընդհանրապես, որպես քաղաքական պահանջ, այլ հրաժարվել էին որպես ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման գործնական միջոց: Այսուհանդերձ այս մոտեցումը փոխեց քաղաքական իրավիճակը և անխուսափելի դարձրեց շարժման թուլացումը»:

Փաշինյանի խոսքով, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը որպես ոչ առաջնային կետ հայտնվեց Գարեգին Չուգասզյանի և Ժիրայր Սեֆիլյանի նամակներում, բայց այն բանից հետո, երբ «Սասնա ծռեր» խմբի տղաները արդեն իսկ վայր էին դրել զենքերը, և գտնվում էին բանտում։ «Այսինքն՝ ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակը ինչ-որ հանգուցալուծում էր ստացել և ուրեմն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը չէր կարող լինել ՊՊԾ գնդի տարածքից «Սասնա ծռեր» խմբի անդամների դուրս գալու, կամ զենքերը վայր դնելու նախապայման: Այսինքն, Սերժ Սարգսյանի հրաժարականի այս պահանջը իր քաղաքական իրագործելիությամբ ոչնչով չէր տարբերվում ասենք 2015 թվականի դեկտեմբերին, կամ 2015 թվականի ապրիլին առաջադրված պահանջներից», - ասված է նրա գրառման մեջ:

«Չեմ կարող կասկած հայտնել Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռեր» խմբի տղաների մղումների ազնիվ լինելու վրա, բայց վերը հիշատակված կետերում արվել են քաղաքական կոպիտ սխալներ, որոնք լրջագույն ազդեցություն են ունեցել քաղաքական իրավիճակի վրա: Հարկ է ընդգծել, որ հուլիսի 22-ից հետո հարթակից չի հնչել Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու որևէ ճանապարհային քարտեզ, ինչը բերել է ժողովրդական շարժման թուլացմանը և «Սասնա ծռերին» այլ ելք չի թողել, քան հանձնվել իշխանություններին», - գրել է Փաշինյանը որպես հետգրություն ավելացնելով. - «Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին և քաղաքական հալածյալներին»։

Հիշեցնենք, օգոստոսի 6-ին «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից հերթական նամակն էր գրել, որում նշել էր, թե այն «ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր «Սասնա ծռեր»-ի տղաները և ինքը հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց «Սասնա ծռեր» խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իր կողմից»:

«Ցավալիորեն այդ ապատեղեկատվությունը շարունակվում է շրջանառվել, այս անգամ սակայն, ընդդիմադիր գործիչ, հարգելի Նիկոլ Փաշինյանի կողմից: Վերջինս մատնացույց է անում հուլիսի 31-ին իմ տարածած հայտնի նամակը՝ ասելով, «որ այնտեղ ես Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ չեմ բարձրացրել»: Դժբախտաբար, Նիկոլ Փաշինյանը տարընթերցմամբ է ընկալել այդ նամակի բովանդակությունը, մասնավորապես չնկատելով նախաբանում գրված պարբերությունը, որտեղ սևով սպիտակի վրա նշված է, որ այս նամակի բովանդակությունը բացառապես վերաբերում է հավանական բանակցությունների առաջարկությանը որպես ոսկե միջին, որի արդյունքում տղաները պետք է զենքը վայր դնեին: Շեշտում եմ, բացառապես վերաբերում էր տղաների կողմից զենքը վայր դնելուն ու արյունահեղությունը կանխելուն», - ասված է նամակում, որը տարածել են «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG