Մատչելիության հղումներ

Փորձագետ. Եթե ՀՀ-ում իրավիճակը ռեպրեսիաների միջոցով լուծվեց, գալու է զինված պայքարի չորրորդ փուլը


Փորձագետ Արմեն Բադալյանի խոսքով, եթե իշխանություններն անցյալից դասեր չքաղեն և այս անգամ էլ Հայաստանում ստեղծված իրավիճակը ռեպրեսիաների միջոցով լուծեն, գալու է զինված պայքարի չորրորդ փուլը։

«Սա արդեն վտանգավոր միտում է։ Այն, ինչ տեղի է ունենում եվրոպական շատ երկրներում. անհատ մարդիկ սկսում են իշխանության ներկայացուցիչների, իսկ իշխանության ներկայացուցիչ, դա ոստիկանության շարքայինից մինչև երկրի նախագահն է և նրա ընտանիքի անդամները, սկսում է նրանց նկատմամբ ուղղակի հաշվեհարդարներ տեսնել», - «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Բադալյանը՝ նշելով, որ նման դեպքեր եղել են Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում և այլուր։

Փորձագետն ընդգծեց, որ Հայաստանն այսօր ունի Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր, որտեղ Ռուսաստանն ու Արևմուտքն իրենց շահագրգռվածություններն ունեն։

«Բնականաբար այս ՊՊԾ գնդի խնդիրը հայտնվեց նաև դրսի ուշադրության կենտրոնում՝ լրիվ հակադիր տեսակետից։ Եթե ռուսական կողմը նշեց որպես ահաբեկիչ հենց սկզբից, ապա Արևմուտքն ահաբեկիչ բառը չասեց, և առաջին անգամ Հայաստանի դեպքում Եվրամիության 28 երկիր միասնական տեսակետ հայտնեց Հայաստանում տեղի ունեցած երևույթի նկատմամբ, ինչպես նաև Միացյալ Նահանգների դեսպանությունը տվեց կոնկրետ հարցը՝ իրենք դատապարտում են այս գործելաոճը, այսինքն՝ խմբի զինված պայքարը, բայց սրանք քաղաքական բարեփոխումներ պահանջող խումբ էին, և դա էլ նշեց հատկապես ամերիկյան լրատվական և վերլուծական, այդ թվում՝ «Ստրատֆոր» վերլուծականը, իրենք նույնպես նշեցին, որ ատելությունը իշխանությունների նկատմամբ ուժեղացել է, իսկ իշխանությունների ոչ ադեկվատությունն արդեն երևում է»։

Հուլիսի 17-ին «Սասանա ծռեր» կոչվող զինված խումբը գրավեց Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի (ՊՊԾ) տարածքը։ Նրանք պահանջում էին ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին, ով կալանավորվել էր` զինված խմբավորումների միջոցով շենքեր գրավելու ծրագրեր ունենալու կասկածանքով, Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչպես նաև՝ ժամանակավոր կառավարության ձևավորում:

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իշխանություններին, խմբի 20 անդամները ձերբակալվեցին։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի օգոստոսի 7-ի թողարկումը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG