Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն հայտարարում է, որ զինված խմբի անդամները վայր են դրել զենքը և հանձնվել իշխանություններին


ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ՝ հուլիսի 17-ից ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները վայր են դրել զենքը հանձնվել իշխանություններին:

«Սույն թվականի հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է», - ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում: - «ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - տեղեկացնում է ԱԱԾ-ն՝ հերթական անգամ օգտագործելով «ահաբեկիչ» ձևակերպումը, որից բանակցությունների ընթացքում զերծ էր մնում:

Ավելի վաղ Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքում ևս հայտարարվել էր զինված խմբի հանձնվելու մասին:

«Որոշ տվյալներով տղաներից գոնե մի մասը ինչ-որ պայմաններով հանձնվել է», - հայտարարել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով ներկայացել էր որպես «Սասնա ծռեր» ապստամբներին աջակից համակարգող խորհրդի ազատության մեջ մնացած անդամներից մեկը:

Բացի այդ՝ «Սասնա ծռեր» ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել, որում, մասնավորապես, ասվում է․ - «Սասնա Ծռերը դարձան ռազմագերի, սակայն պայքարը չի ավարտվել: Չընկճվեք և չարտագաղթեք: Պայքարը պետք է շարունակվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG