Մատչելիության հղումներ

Բրազիլիայում այսօր կմեկնարկեն Օլիմպիական խաղերը


Այսօր Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկում են Օլիմպիական խաղերը։

Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ, մինչ մրցումների մեկնարկը, պատժամիջոցներ կիրառվեցին խթանիչներ օգտագործող տասնյակ ռուսաստանցի մարզիկների դեմ՝ արգելելով նրանց մասնակցել խաղերին։

Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու Օլիմպիական խաղերի բացմանը։ «Ռիո գնալու պլաններ չունի նաև նրա աշխատակազմի ղեկավարը», - հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ չհստակեցնելով, թե կառավարության մակարդակով, ով է ներկայացնելու Ռուսաստանը Ռիո դե Ժանեյրոյում։

Ինչ վերաբերում է ռուս մարզիկների մասնակցել-չմասնակցելու հարցին, ապա Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը երեկ հայտարարեց, որ 270 մարզիկներ կմասնակցեն Օլիմպիական խաղերին։ Նրա ասելով՝ Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) նրանց մասնակցությունը հաստատող փաստաթղթերը ստացվել են։

Նշենք, որ Ռուսաստանի օլիմպիական թիմում 387 մարզիկներ կային, բայց 117 մարզիկներին խթանիչների պատճառով արգելվեց մասնակցել խաղերին՝ ներառյալ թեթև ատլետիկայի գրեթե ամբողջ հավաքականը։

Հնարավոր էր, որ արգելվի Ռուսաստանի ամբողջ հավաքականի մասնակցությունը Օլիմպիադային, սակայն հուլիսի 24-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր մարմնի նիստում որոշվեց չգնալ այդ քայլին, հարցը փոխանցվեց տարբեր սպորտաձևերի միջազգային ֆեդերացիաներին, որպեսզի նրանք որոշեն, իսկ ֆեդերացիաների գերակշիռ մասը թույլատրեց ռուսաստանցի մարզիկներին մասնակցել Օլիմպիական խաղերին։ Տարբեր սպորտաձևերում մի քանի մարզիկներ հանվեցին, իսկ թեթև ատլետները, որտեղից սկսվել էր այս դոպինգային սկանդալը, այդպես էլ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք չստացան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG