Մատչելիության հղումներ

Ժիրայր Սեֆիլյանը խնդրել է Պավել Մանուկյանին դադարեցնել հացադուլը


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

«Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից նամակով դիմել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանին՝ խնդրելով դադարեցնել հացադուլը։

Նամակում, որը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեֆիլյանի կինը՝ Նանոր Սեֆիլյանը, մասնավորապես ասված է. - «Սիրելի Պավլիկ, բարեբախտաբար հուլիսի 31-ին տղաները ճիշտ որոշում կայացրին՝ խուսափելով երկկողմ արյունահեղությունից: Հուլիսի 17-ից սկսած դուք արել եք ձեզնից կախված առավելագույնը: Ապացուցել եք, որ հայը երբեք ստրուկ չի եղել և չի լինելու: Ձեր արարքով ապացուցել եք, որ հայը մահից ու բանտից վախեցողը չէ՝ դրանով իսկ փաստելով, որ մեր ազգն անմահ է: Վստահ եղիր, որ այս զոհողությունը իմաստավորվելու է, և մեր սիրելի ժողովուրդն ուշ թե շուտ ապստամբելու է»:

Սեֆիլյանը շարունակել է. - «Հուլիսի 27-ին <...> վիրահատությունից հետո, երբ բացեցիր աչքերդ և հասկացար, թե ինչ է տեղի ունեցել, ապրեցիր երկու խիստ հակասական զգացում: Առաջինը՝ ուրախությունն էր, որ Արամի [Պավել Մանուկյանի որդին] կյանքին վտանգ չի սպառնում, և երկրորդը՝ տխրությունն էր, որ այդպիսի ծանր վնասվածքներով գամված ես անկողնում, այո՛, քեզ լավ ճանաչելով վստահ պիտի նախընտրեիր անշնչանալը, քան այդ վիճակում հայտնվելը, և այդ պատճառով որոշեցիր հրաժարվել սնվելուց։

<...> Եթե ողջ ես մնացել, ուրեմն դա Աստծո կամքն է եղել, եթե ողջ ես մնացել, ուրեմն տակավին բան ունես անելու ընդհանուրի՝ Հայաստանի և քո ընտանիքի համար: Ուստի եղբայրաբար խնդրում եմ դադարեցնես հացադուլը, և օգնելով բժիշկներին՝ օր առաջ ոտքի կանգնես»։

Հուլիսի 27-ին ոստիկանությունը հաղորդեց, որ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես նաև Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Վերջիններս տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Այնուհետև Պավել Մանուկյանին ու նրա որդուն՝ Արամ Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց շենք-շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, և նրանք երկու ամսով կալանավորվեցին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղափոխվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Պավել Մանուկյանը, չընդունելով մեղադրանքները, հացադուլ հայտարարեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG