Մատչելիության հղումներ

Փոխհրաձգություն ՊՊԾ գնդի տարածքում, կան վիրավորներ, այդ թվում՝ Պավել Մանուկյանը և որդին


Պավել Մանուկյանը և զինված խմբի այլ անդամներ ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 17-ը հուլիսի, 2016թ․

Պավել Մանուկյանը և զինված խմբի այլ անդամներ ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 17-ը հուլիսի, 2016թ․

Երեկ ուշ երեկոյան Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց, որ զինված խմբի կողմից զավթված՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից անկանոն կրակահերթեր են արձակվում տարբեր ուղղություններով՝ վտանգելով նշված վայրում ծառայություն իրականացնող իրավապահների և տարածքի բնակիչների անվտանգությունը:

Կեսգիշերն անց Ահարոնյանը գրեց, որ ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը:

«Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին հրաձգությունը դադարել է և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար», - գրեց Ահարոնյանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետը մեկ ժամ անց հայտարարեց, որ, իրավապահների տվյալներով, զինված խմբի ևս երկու վիրավոր անդամներ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում:

«Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում են», - հայտարարեց Ահարոնյանը՝ հիշեցնելով, որ հենց առաջին օրվանից գնդի տարածքում է ևս մեկ վիրավոր, ու չնայած իրավապահները բազմիցս հորդորել են թույլատրել, որ նրան նույնպես բուժօգնություն տրամադրվի, զինված խմբի անդամները մերժել են առաջարկը:

Իսկ «Սասնա ծռեր» զինված խումբը հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ ոստիկանները հարձակում են գործել ՊՊԾ գնդի տարածքի վրա։ «Քիչ առաջ ոստիկանները հարձակում են գործել գնդի տարածք, վիրավորվել են Պավել Մանուկյանը, Արամ Մանուկյանը, Գևորգ Իրիցյանը և հավանաբար խմբի այլ անդամներ: Ոստիկանները առևանգել են Պավելին, Արամին, Գագիկ Եղիազարյանին և խմբի ևս մեկ անդամի», - ասված էր հայտարարությունում:

Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբի վիրավոր անդամներ Պավել Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրահատվել են:

«Ժամը 1-ին «Էրեբունի» բժշկական կենտրոն ընդունվել է երեք վիրավոր, որից մեկը ոստիկանության աշխատող է եղել, ունի սրունքի հրազենային վնասվածք: Կատարվել են համապատասխան միջամտություններ, իր վիճակը գնահատում ենք կայուն», - նշեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը` շարունակելով. - «Նաև ընդունվել են երկու վիրավոր` Պավել Մանուկյանը և Արամ Մանուկյանը, որոնք անմիջապես տեղափոխվել են վիրահատարան և կատարվել են վիրահատություններ»:

Բժիշկները նշեցին, որ Պավել Մանուկյանը ընդունվել է զույգ ազդրերի հրազենային վնասվածքով, աջ ազդրի բազմաբեկոր կոտրվածքով, իսկ Արամ Մանուկյանը ընդունվել է ձախ ազդրի վերին երրորդականի հրազենային վնասվածքով: Հայր և որդի Մանուկյանները վիրահատությունից հետո տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք:

«Այս պահին երկու տուժածի վիճակն էլ գնահատում եմ իբրև ծանր, սակայն կայուն և վերահսկելի: Երկուսն էլ գտնվում են արհեստական շնչառության պայմաններում», - նշեց Ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը:

Նշենք, որ գիշերը ոստիկանները բերման ենթարկեցին Խորենացի փողոցում ու հարակից տարածքներում գտնվող երկու տասնյակից ավելի քաղաքացիների:

Բերման ենթարկվածների թվում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

XS
SM
MD
LG