Մատչելիության հղումներ

Նախկին օմբուդսմեն․ «Հուլիսի 29-ին Հայաստանում լիարժեք բռնապետություն էր»


Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատության» տաղավարում, 3-ը օգոստոսի, 2016 թ․
Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «Ազատության» տաղավարում, 3-ը օգոստոսի, 2016 թ․

«Այն պարագայում, երբ քաղաքական գործիչները խաղաղ ցույցին մասնակցելու համար գտնվում են կալանավայրում, իսկ բռնարար ոստիկաններն ազատության մեջ են, մարդու իրավունքների և համերաշխության մասին խոսելը ծաղր է սեփական հասարակության հանդեպ»,- ասում է Կարեն Անդրեասյանը:

«Հուլիսի 29-ին Հայաստանում լիարժեք բռնապետություն էր»,- այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Այդ օրը ոստիկանությունը և քաղաքացիական հագուստով անձինք հատուկ միջոցներ, բռնություններ կիրառելով (այդ թվում լրագրողների նկատմամբ), ցրեցին Սարի թաղում և Խորենացի փողոցում հավաքված մարդկանց: Տուժեցին տասնյակ քաղաքացիներ, անչափահաս Սայաթ Հարությունյանը կորցրեց աչքը, բերման ենթարկվեցին քաղաքական, հասարակական գործիչներ, ովքեր հետագայում կալանավորվեցին, վերհիշում է Կարեն Անդրեասյանը, շարունակելով՝

«Հուլիսի 29-ին Հայաստանում լիարժեք, գեղեցիկ բռնապետություն էր, այդ օրը բռնապետության այն օրերից էր, որ մենք էլի ենք ունեցել: Օրինակ՝ մարտի 1-ին էլ էր Հայաստանում բռնապետություն: Բռնապետությունը գալիս-գնում է, որովհետև մարտի 1-ից մինչև հուլիսի 29-ը ընկած հատվածում մենք ունեցել ենք ժողովրդավարական վերելքներ և խայտառակ անկումներ: Այս օրն անկումներից ամնենավախենալուն էր, որովհետև մեզ կարող է տանել իրական, վերջնական, կայուն բռնապետության»:

Շուրջ 5 տարի օմբուդսմենի պաշտոնը զբաղեցրած Անդրեասյանի խոսքով, նախորդ երկու շաբաթներին Հայաստանում կոպտորեն ոտնահարվեցին մարդու իրավունքները: «Մեծ մասամբ կոպտագույն խախտումներով ուղորդված, համեմված գործողություններ էին, հատկապես հուլիսի 29-ի, լույս 30-ի գիշերը, ես դրա վրա եմ կենտրոնանում որովհետև դա ամենաակներև դեպքերից էր, ամենադատապարտելի օրն էր իշխանությաւնների համար, թե ինչպիսի կոպտագույն ձևով ոտնահարվեցին, ուղղակի տրորվեցին, ոչնչացվեցին մարդու իրավունքների պաշտպանության բոլոր սկզբունքները, բոլոր օրենսդրական պահանջները Հայաստանում»,- շարունակեց նախկին օմբուդսմենը:

«Ազատության» զրուցակցի խոսքով, առանց դատավճռի «Սասնա ծռեր»-ի անդամներին «ահաբեկիչ», իսկ նրանց գործողությունները «ահաբեկչություն» որակելը խախտում է ամեղության կանխավարկածը: Նախորդ երկու շաբաթներին Ազգային անվտանգտության ծառայությունը մի քանի անգամ կիրառել է «ահաբեկիչ» եզրը՝ անդրադառնալով ոստիկանության գունդը գրաված զինված խմբի անդամների գործողություններին: Գնահատելով տեղի ունեցածը՝ երկու օր առաջ «ահաբեկչություն» բառն օգտագործեց նաև նախագահ Սերժ Սարգսյանը: «Առանց դատարանի որոշման դա ոչ միայն անմեղության կանխավարկածի ակնհայտ խախտում է, դա հատկապես ոտնահարում էր այդ մարդկանց իրավունքները, քանի որ նույնիսկ նման մեղադրանք՝ ահաբեկչության հոդվածով մեղադրանք, որևէ մեկին չի առաջադրվել: Այդ իմաստով դա մարդու իրավունքների հիմնարար սկսզբունքնրի խախտում է»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Վերջինս, հիշեցնենք, «Համախմբում» նորաստեղծ կուսակցության վարչության անդամ է: Անդրեասյանը «քաղբանտարկյալներ» անվանեց Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խորշուդյանին, Անդրիաս Ղուկասյանին և Ալեք Ենիգոմշյանին, ովքեր կալանվորվել են երկու ամիս ժամկետով: Անդրադառնալով նախագահ Սարգսյանի՝ նախանցած օրը ունեցած ելույթին, Անդրեասյանն ասաց՝

«Զարմանալի է, որ երկրի նախագահը փորձում է շտկել այն ցավերը, վիշտը, որ տեսավ հասարակությունն այս երկու շաբաթում, և իր գործողություններով, թեկուզ ելույթով, ազդակ չի տալիս: Իսկ այս մարդիկ քաղբանտարկյալ են՝ ես առաջին անգամ եմ օգտագործում (միշտ փորձել եմ էդ ուժեղ տերմինից զերծ մնալ) այդ բառը: Այս դեպքում ընդհանրապես իրավական հիմք չենք տեսնում ․․․ երբ այսպիսի ակնհայտ պարագայում ոստիկանները, որոնք նույնպես մասնակից են եղել, այն էլ՝ քաղաքացիական հագուստով, ակնհայտ խախտումներով, ծեծով, ջարդով, հիմա գտնվում են ազատության մեջ, իսկ քաղաքական գործիչները քայլելու համար, խաղաղ ցույցին մասնակցելու համար, գտնվում են կալանավայրում, Էս պարագայում խոսել մարդու իրավունքների մասին, համերաշխության մասին, դասերի մասին, համակարգային փոփոխությունների մասին, ուղղակի ծաղր է սեփական հասարակության հանդեպ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG