Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Նադեժդա Սավչենկոն այսօր Կիևում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ ի նշան բողոքի ուկրաինական իշխանությունների անգործության դեմ, մասնավորապես՝ Դոնբասում գտնվող գերիների ազատ արձակման հարցում:
«Ռուսաստանում իմ ազատ արձակման մեխանիզմներից մեկը եղել է հացադուլը, որով ես հայտնում էի իմ բողոքը ուկրաինական իշխանությունների անգործության դեմ: Այսօրվանից ես կրկին հացադուլ եմ հայտարարում նույն պատճառով՝ ուկրաինացի գերիներին ազատ արձակելու հարցով: Հացադուլ կպահեմ մինչև դրական արդյունք ունենալու օրը»,- հայտարարել է Սավչենկոն:
Հիշեցնենք՝ երկու ռուս լրագրողների սպանության մեղադրանքով Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին պաշտոնական Կիևին այս տարվա մայիսին հաջողվեց վերադարձնել հայրենիք՝ ամիսներ տևած բանակցություններից հետո: