Մատչելիության հղումներ

logo-print

Ամիսներ տևած բանակցություններից հետո պաշտոնական Կիևին ի վերջո հաջողվեց հայրենիք վերադարձնել Ռուսաստանում 22 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոյին, ում ռուսական դատարանը մեղավոր էր ճանաչել երկու ռուս լրագրողների սպանության մեջ:

«Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարել են ինձ համար: Եթե չխոսեին մարդիկ, քաղաքական գործիչները կլռեին ընդմիշտ: Շնորհակալ եմ»,- սրանք ուկրաինացի օդաչուի առաջին խոսքերն են ազատության մեջ:

Լրագրողների հարցին ի պատասխան նա վստահություն է հայտնել, որ Ուկրաինայում մարդիկ այսուհետ կապրեն այնպես, ինչպես որ պետք է ապրեն: - «Չեմ խոստանում, որ դա տեղի կունենա հենց վաղը, բայց ես պատրաստ եմ իմ կյանքը տալ, որպեսզի դա տեղի ունենա», - հայտարարել է ուկրաինացի օդաչուն:

Կիևի Բորիսպոլ օդանավակայանում Սավչենկոյին տեղափոխող նախագահական ինքնաթիռի վայրէջքից րոպեներ անց Կրեմլը հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ուկրաինացի օդաչուին: Սավչենկոն օդանավակայանից ուղևորվեց Ուկրաինայի նախագահի նստավայր, որտեղ Պետրո Պորոշենկոն նրան հանձնեց Ուկրաինայի հերոսի պարգևը:

«Քանի որ մենք վերադարձրեցինք Նադեժդային, մենք կվերադարձնենք նաև Դոնբասը, կվերադարձնենք Ղրիմը: Նադեժդան դարձել է մեր հպարտության ու անհնազանդության խորհրդանիշը», - հայտարարել է Պորոշենկոն նախագահականում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

Թեև ինքը՝ Սավչենկոն, ռուսական դատարանի դահլիճում բազմիցս հայտարարել էր, որ դեմ է իրեն փոխանակելու հնարավոր սցենարին, այդուհանդերձ, նրա հայրենիք վերադառնալը հնարավոր դարձավ հենց փոխանակման ճանապարհով․ պաշտոնական Կիևը Սավչենկոյի արտահանձնմանը հասնելու համար ներում շնորհեց և Ռուսաստան ուղարկեց Ուկրաինայում ազատազրկման դատապարտված Եվգենի Երոֆեևին և Ալեքսանդր Ալեքսանդրովին, որոնց Ուկրաինայի արդարադատությունը համարում է ռուսական հատուկ նշանակության ջոկատի զինծառայողներ և որոնք, ըստ դատական գործի, ձերբակալվել են Ուկրաինայի արևելքում գաղտնի գործողություն իրականացնելիս:

Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակումը արևմտյան կառավարությունների պահանջներից է, և ինչպես նկատում են վերլուծաբանները, այս իրադարձությունը կարող է թուլացնել Մոսկվայի և Արևմուտքի միջև լարվածությունը: Մյուս կողմից, տարբեր քաղաքագետների համոզմամբ, ռուսական բանտում շուրջ երկու տարի անցկացրած Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները:

«Չեմ ուզում մարդկանց մասին վատ արտահայտվել, չեմ ուզում իմ չարությունն ու զայրույթը փոխանցել ձեզ: Ուզում եմ, որ մարդիկ ոչ թե պատերազմի, այլ խաղաղության ձգտեն: Ցավոք՝ խաղաղությունը երբեմն հնարավոր է միայն պատերազմի միջոցով», - Ուկրաինայի նախագահի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Սավչենկոն, ապա դիմել ռուսաստանցիներին․ - «Չպետք է վախենաք, պետք է շարժվել տեղից: Հասկանում եմ, որ հեշտ չէ: Ես աշխատելու եմ, որպեսզի յուրաքանչյուր գերի վերադառնա: Որպեսզի Ուկրաինան լինի ուժեղ և մեր ժողովուրդը երբեք չմոռացվի: Փա՛ռք Ուկրաինային»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG