Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն «ահաբեկչական» է որակում ՊՊԾ-ն գրաված խմբի գործողությունները


Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է երեկ երեկոյան և այսօր առավոտյան Ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում տեղի ունեցած միջադեպերին:

«Հուլիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թե բանավոր, և թե գրավոր ձևով բազմիցս պաշտոնապես նախազգուշացրել էր ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը բռնազավթած խմբին անհապաղ դադարեցնել շարունակվող հանցավոր գործողությունները, մասնավորապես՝ չկրակել, ինչպես նաև զինված դուրս չգալ ՊՊԾ գնդի տարածքից: Այդուհանդերձ, խմբի որոշ անդամներ անտեսել են նշված պահանջը և, առանց հանձնվելու մտադրության կամ այլ հիմնավոր անհրաժեշտության, զինված դուրս են եկել ՊՊԾ գնդի տարածքից, ինչին ի պատասխան նրանց վնասազերծելու նպատակով ձեռնարկվել են իրավիճակից թելադրվող գործողություններ: Սկսված հատուկ միջոցառման ընթացքում խմբի որոշ անդամներ իրավապահների ուղղությամբ արձակել են ինտենսիվ և համատարած կրակահերթեր, ինչի հետևանքով վիրավորվել է իրավապահ մարմնի ծառայող: Ձեռնարկված համարժեք գործողությունների արդյունքում վնասազերծվել է խմբի չորս անդամ, որոնցից երկուսը վիրավորվել են, իսկ մյուս երկուսը՝ ստիպված են եղել հանձնվել», - ասված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունում:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում «ձեռք են բերվել հավաստի տվյալներ, ըստ որոնց՝ հուլիսի 17-ից ի վեր խմբի որոշ անդամներ ՊՊԾ գնդի տարածքում պահվում են իրենց կամքին հակառակ»:

Անդրադառնալով այսօր առավոտ տեղի ունեցած միջադեպին՝ ԱԱԾ-ն նշում է, որ «խմբի որոշ անդամներ, չարաշահելով վիրավորներին բժշկական օգնություն ցույց տալու պետության պատրաստակամությունը, պատանդ են վերցրել չորս բուժաշխատողի»․ - «ԱԱԾ-ն փաստում է, որ խմբի առավել ակտիվ անդամների ընդգծված ահաբեկչական գործողությունները ներկա պահին սպառնում են ոչ միայն պատանդների, այլև խմբի մյուս անդամների, հատկապես, վիրավորների կյանքին»:

Նշելով, որ ստեղծված նոր իրավիճակում առկա է նշված անձանց կյանքը պաշտպանելու բացարձակ անհրաժեշտություն, ինչը ստիպում է իրավապահ մարմիններին դիմել ահաբեկչական գործողությունները կանխող և խափանող անհրաժեշտ և համաչափ միջոցների՝ ԱԱԾ-ն զինված խմբի անդամներից «վճռականորեն» պահանջում է. - «1/ անհապաղ վերացնել վիրավորներին որակյալ բուժօգնություն տրամադրելու բոլոր խոչընդոտները, 2/ անմիջապես ազատ արձակել բոլոր պատանդներին, 3/ վայր դնել զենքը և հանձվել իշխանություններին»:

Եզրափակելով՝ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է՝ «հնարավորություն դեռ կա, բայց ժամանակը սպառվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG