Մատչելիության հղումներ

Պուտին-Էրդողան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 9-ին


Օգոստոսի 9-ին Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները։ Այս մասին այսօր Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիշմեքը։

Դվորկովիչի փոխանցմամբ` պետք է նախապատրաստել, հագեցնել այդ հանդիպման օրակարգը: Դմիտրի Մեդվեդևի տեղակալը հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ կառուցողական բանակցություններ վարել, և որ կողմերը պետք է փուլ առ փուլ վերականգնեն համագործակցությունը, որը սառեցվել էր ռուս-թուրքական քաղաքական ճգնաժամի ժամանակ։

2015-ի նոյեմբերի 24-ին թուրքական օդուժը խոցել էր ռուսական ռազմական օդանավը, ինչի հետևանքով երկու երկրների միջև հարաբերությունները սառեցվել էին։ Մոսկվան ու Անկարան վերականգնել են հարաբերությունները այն բանից հետո, երբ հունիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներողություն հայցող նամակով դիմել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Դվորկովիչը անդրադարձել է Թուրքիայում վերջերս չհաջողված հեղաշրջմանը և ասել. - «Ձեր երկրում այսօր բարդ իրավիճակ է։ Ռուսաստանը նորից հաստատում է ոչ սահմանադրական գործողությունների անթույլատրելիության մասին իր դիրքորոշումը։ Մենք ելնում ենք այն մոտեցումից, որ իր սեփական խնդիրները Թուրքիան պետք է կարգավորի սեփական օրենքների, սեփական Սահմանադրության և սեփական ինքնիշխանության հիման վրա»։

Սա թերևս հետաքրքիր հայտարարություն է այն առումով, որ ավելի վաղ արևմտյան պաշտոնյաները հորդորում էին Էրդողանին զերծ մնալ, օրինակ, մահապատիժը նորից կիրառելու մասին որոշումից:

Մինչ Էրդողան-Պուտին հանդիպումը, այսօր արդեն Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է ռուս-թուրքական միջպետական հանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին որոշումը, ինչի մասին ևս հայտարարել է Դվորկովիչը իր թուրք պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ։

Թուրքիայի փոխվարչապետն, իր հերթին, հանդիպմանը ևս մեկ անգամ պաշտոնական Անկարայի անունից շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին հեղաշրջման փորձի ժամանակ աջակցության համար:

Մոսկվան ու Անկարան մտադիր են նաև արդեն առաջիկայում վերականգնել չարթերային ավիահաղորդակցությունը, ինչն է՛լ ավելի կմեծացնի ռուս զբոսաշրջիկների հոսքը Թուրքիա։ Սրա համար թուրքական կողմը անվտանգության որոշ երաշխիքներ պետք է տա Մոսկվային։

Ինչ վերաբերում է երկու երկրների հարաբերություններում կարևոր տեղ զբաղեցնող էներգետիկայի ոլորտին, ապա Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի ծրագրի շուրջ բանակցությունները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Յուրի Սենտյուրինը։ Պաշտոնական Մոսկվան, հիշեցնենք, դեռ 2014-ի դեկտեմբերին հայտարարել էր, որ «Հարավային հոսք» ծրագիրը մտադիր է փոխարինել «Թուրքական հոսք» ծրագրով։ Կասեցված «Հարավային հոսքը», հիշեցնենք, պետք է ռուսական գազը հասցներ Եվրոպա Բուլղարիայի, Սերբիայի և Հունգարիայի տարածքներով։ Սակայն «Թուրքական հոսք» ծրագիրն էլ սառեցվեց ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG