Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի կունենա սահմանադրական հանրաքվե


Իլհամ Ալիևն իր ընտանիքի հետ նշում է ծննդյան օրը, Բաքու, 24-ը դեկտեմբերի, 2014թ.
Իլհամ Ալիևն իր ընտանիքի հետ նշում է ծննդյան օրը, Բաքու, 24-ը դեկտեմբերի, 2014թ.

Ալիևը հզորացնում է իր գերդաստանի քաղաքական դիրքը:

Ադրբեջանի Սահմանադրական դատարանը երեկ հավանություն է տվել նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած Սահմանադրության լրամշակումների նախագծին, որի համաձայն՝ նախագահի պաշտոնավարման ժամկետը ներկայիս 5 տարուց կհասցվի 7 տարվա:

Փաթեթը կներկայացվի համաժողովրդական հանրաքվեի: Մայր օրենքի փոփոխությունների հանրաքվեի օրն արդեն հայտնի է՝ նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ, այն տեղի կունենա այս տարվա սեպտեմբերի 26-ին:

Նախագահը կառավարությանը հանձնարարել է պետական բյուջեից հատկացնել համապատասխան միջոցներ, հանրաքվեի անցկացման հարցերը կարգավորելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ալիևի հեղինակած փոփոխությունների նախագծում նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգելուց զատ մի շարք կարևոր այլ առաջարկներ, որոնք, ըստ վերլուծաբանների, նույնպես կոչված են ամրապնդելու իշխող գերդաստանի քաղաքական դիրքերը:

Գործող Սահմանադրությամբ եթե նախագահն այս կամ այն պատճառներով ի զորու չէ կատարել պարտավորությունները՝ գործադիր իշխանության ղեկը ստանձնում է վարչապետը:

Ալիևի առաջարկով սահմանվելու են Ադրբեջանի առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, ընդ որում, այդ նշանակումները հենց նախագահն է կատարելու, և դրանք չեն վավերացվելու խորհրդարանի կողմից: Եվ միայն այն դեպքում, եթե նախագահը և առաջին փոխնախագահը չկարողանան աշխատել՝ լծակները կփոխանցվեն վարչապետին:

Բացի այդ, նախագահին կվերապահվի նախագահական արտահերթ ընտրություններ նշանակելու և խորհրդարանը լուծարելու իրավունք՝ այն դեպքում, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը կամ մերժեն նախագահի ներկայացրած Սահմանադրական դատարանի, Գերագույն դատարանի և Կենտրոնական բանկի անդամների թեկնածուներին:

Նախատեսված փոփոխություններից մի քանիսը վերաբերում են ընտրություններին և տարիքային շեմին: Գործող Սահմանադրությամբ նախագահության թեկնածուն պետք է լինի առնվազն 35 տարեկան: Այդ նվազագույն շեմը չեղարկվում է: Խորհրդարանի պատգամավորի թեկնածուն պետք է լինի 25 տարեկան, նոր Սահմանադրությամբ շեմը կիջեցվի մինչև 18 տարի:

Փաստորեն Ադրբեջանի չափահաս քաղաքացին կստանա և՛ նախագահ, և՛ Միլի մեջլիսի պատգամավոր ընտրվելու հնարավորություն:

Ըստ ադրբեջանական ընդդիմության, Իլհամ Ալիևի որդին՝ պապի անունը կրող 19-ամյա Հեյդար Ալիևը, ով ներկայում սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում, կարող է ապագայում հնարավոր ինչ-ինչ արտակարգ քաղաքական հանգամանքներում զբաղեցնել բարձր պաշտոններ:

Նույնը հարկ եղած դեպքում կարող են անել առաջին տիկին Մեհրիբան Ալիևան, դուստրերը՝ Լեյլան և Արզուն, կամ էլ մեծ գերդաստանի որևէ այլ վստահելի անդամ: Նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվելու է 2018-ին:

Հանրաքվեով փոփոխություններ են կատարվելու նաև մարդու իրավունքների, հասարակական կարգի և սեփականության, այդ թվում՝ հողօգտագործմանն առնչվող օրենքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG